«Սա մեր պայքարի միայն մի ձևն է, մյուս ձևը պետք է լինի միջազգային տարբեր ատյաններում Հայոց ցեղասպանության դատապարտումը». Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ըստ էության, սկսվել է հենց Ցեղասպանությունից անմիջապես հետո:
Ըստ նրա՝ այդ տարիներից սկսած իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տարբեր երկրներ, մասնավորապես՝ 1915 թվականի մայիսին Անտանտի երեք երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք հանդես եկան հայտարարագրով, որտեղ ոչ միայն դատապարտեցին հայերի կոտորածը, այն վայրագությունները, որոնք տեղի էին ունենում հայ ժողովրդի նկատմամբ, այլև այդ ամենը բնութագրեցին՝ որպես ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ:
«Արդեն այն ժամանակվանից այդ ընկալումը կար, որ հայ ժողովրդի կոտորածը դա հանցագործություն է մարդկության դեմ: Նաև մեկ այլ կարևոր հանգամանք կար այդ հայտարարագրում, պետք է նշել, որ այնտեղ հատուկ ընդգծվում էր, որ հայերի նկատմամբ իրականացրած հանցագործության համար պատասխան կտան Օսմանյան կառավարության անդամներն անձամբ, այսինքն՝ ընդգծվում էր, որ հայերի կոտորածը կազմակերպված էր Օսմանյան պետության կողմից, և, որ այն պետական հանցագործություն էր: Հենց 1915 թվականի մայիսի 24-ից սկսած աշխարհն արդեն դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ այս ամենից հետո եղան մի շարք կարևոր փաստաթղթեր, մասնավորապես՝ այն, որ Հայոց ցեղասպանությունը որակվեց մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
«Կարևոր հանգրվանային երևույթ էր հայկական պետականության վերականգնումը՝ հայկական երրորդ հանրապետության առաջացումը, որովհետև մի բան էր, որ հայկական տարբեր համայնքներ, Հայ Դատի գրասենյակը և այլ կազմակերպություններ պայքարում էին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, մեկ այլ բան է, որ սրանց ավելանում է արդեն հայոց պետականությունը: Այժմ կարող ենք արձանագրել, որ, ըստ էության, երեք տասնյակ երկիր ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Այս առումով Ռուբեն Սաֆրաստյանը կարևորեց Միացյալ Նահանգների Ստորին և Վերին պալատների նախորդ տարվա վերջին ընդունած բանաձևը, որով ընդունվեց և դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը: Նա համոզված է, որ պայքարն այս ուղղությամբ շարունակվելու է, և Հայ Դատի գրասենյակն ու այլ կազմակերպություններ միահամուռ ուժերով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացն առաջ կտանեն: Ուստի պետք է այնպես աշխատել, որ եղած հաջողությունները կրկնապատկվեն, որպեսզի շատ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որից հետո էլ Թուրքիան ճանաչի իր կատարած ոճրագործությունը:
«Սա մեր պայքարի միայն մի ձևն է, մյուս ձևը պետք է լինի միջազգային տարբեր ատյաններում Հայոց ցեղասպանության դատապարտումը:
Մենք տեսանք, որ մի շարք կարևոր կազմակերպություններ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, 1987 թվականին՝ Եվրոպական Խորհրդարանի հայտնի բանաձևով, և այլն: Մենք այս գործընթացը լավ պատրաստվելուց հետո պետք է տեղափոխենք դատական ատյաններ, որպեսզի հնարավոր լինի մեր պայքարին վերջնական հատուցում ստանալու կետին հասնել: Կրկնում եմ՝ այս գործընթացին շատ լավ պետք է պատրաստվել, քանի որ սա այն հարցն է, որը լավ պատրաստվածություն է պահանջում»,- շեշտեց նա:
Հարցին՝ միջազգային ատյաններ դիմելու համար կա՞ն անհրաժեշտ փաստաթղթեր, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ այս պահին դեռ վաղ է դատարան դիմելը, կան փաստաթղթեր, և մեծ աշխատանքներ են տարվել, բայց այդ աշխատանքն ավելի պետք է համակարգվի:
«Տարիներ շարունակ տարբեր հանձնախմբեր են գործել, կենտրոններ, որոնք մեծ աշխատանք են տարել, բայց չկա այդ աշխատանքի մի տեղ հավաքելու միտում, պետք է կարողանանք այդ աշխատանքն ուսումնասիրել, հասկանալ՝ ինչ է արվել, որ ուղղությունը պետք է խորացնենք, և այլն: Համարում եմ, որ դատարան դիմելու համար մենք ոչ միայն պետք է իրավական փաստաթղթերի վրա հիմնվենք, այլև պատմական, քանի որ Ցեղասպանությունը տարբերվում է մարդկային զանգվածային սպանություններից նրանով, որ այստեղ կա կանխամտածվածություն:
Մենք պետք է կարողանանք դատարանին ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված է եղել, և այդ ծրագիրը կազմվել ու ընդունվել էր Օսմանյան Կայսրության պետության կառավարման բարձրագույն մարմնի կողմից, ինչը մենք պետք է ապացուցենք, որովհետև սա Թուրքիան չի ընդունում:
Պետք է կարողանանք կենտրոնացնել իրավագետների աշխատանքը, պատմաբանների, պատմագետների, կարևոր է նաև քաղաքագետների աշխատանքը, քանի որ շատ կարևոր է պատմական աշխարհաքաղաքական պահի ընտրելը, քանի որ աշխարհաքաղաքական իրադրությունն ազդում է դատարանների վրա, պետք է կարողանանք հաշվարկել այնպիսի պահ, երբ դա կլինի մեր օգտին: Նաև, պետք է ճիշտ տեղ ներկայացնենք մեր դատական հայցը Թուրքիայի դեմ:
Այնպես որ, սա մեծ աշխատանք է, որը, իմ համոզմամբ, մեզանից պետք է պահանջի ողջ հայության մեկտեղում, ի վերջո, մենք գործ ունենք Թուրքիայի նման պետության հետ, որը բավականին մեծ ռեսուրսներ է տրամադրում դրա համար:
Դեռևս 2000-ական թվականների սկզբներից՝ մինչև Էրդողանի իշխանության գալը, Թուրքիայում ստեղծվել էր և այժմ էլ գործում է պետական մի հանձնախումբ, որի առջև խնդիր է դրվել ամեն կերպ խոչընդոտել Հայոց ցեղասպանության դատական պրոցեսին, այն գործում է փոխվարչապետի մակարդակով, դրա համար պետք է շատ լավ պատրաստվենք, որպեսզի մեր պահանջները կարողանանք ներկայացնել»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը: