«Ապրիլի 24-ը առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է». Վարչապետն ապրիլքսանչորսյան ուղերձ հղեց Ծիծեռնակաբերդի բարձունքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին և իր երախտիքի խոսքը հղել այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Ծիծեռնակաբերդի բարձունքից Նիկոլ Փաշինյանը դիմելով հայ ժողովրդին՝ նշել է նաև. «Սիրելի ժողովուրդ, հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն, այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականի երիտթուրքերի կառավարության օրոք հասավ իր գագաթնակետին:
Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, 1,5 մլն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր-հազարավոր հայեր դարձան գաղթական՝ զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից: Հայոց Ցեղասպանության, Մեծ Եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց, այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան կայսրության իշխանության իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:
Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, քանի որ այդ օրը հարյուրավոր մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ Երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան»:
Նրա խոսքով՝ արդեն 55 տարի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում զանգվածային հիշատակի միջոցառումներ իրականացնելու հնարավորություն ստացան, ինչը կապված էր ոչ միայն՝ Խորհրդային Միությունում ջերմացման ժամանակաշրջանի, այլև այն փաստի հետ, որ 1946-1949 թվականներին շուրջ 100 հազար հայեր, հիմնականում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դառնալով Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը՝ բորբոքելով այնտեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը: Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց, և այս վեհաշուք կոթողը դարձավ հայ ժողովրդի ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը:
«Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ: Այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ, մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին, ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը:
Սիրելի հարենակիցներ, այսօր հայ ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը, պատասխանը պարզ է՝ անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված Ցեղասպանության հետևանքները, առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել, դա է պատճառը, որ այսօր մենք հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում, ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու պետությունների պատասխանատվության վերահաստատման օր: Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին՝ մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման և մեր ուժերի և անելիքների գնահատման ամենահարմար պահը, որը, ուրեմն, պետք է լինի ապրիլի 24-ից մեր հետևությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ այս ամենից երկու հետևություն պետք է անենք՝ առաջինը, որ 1915 թվականին Երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը: 1,5 միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար չի ածվել: 1,5 միլիոն սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը, և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:
Երկրորդ՝ նախորդ դարասկզբին հայ ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն, և այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:
«Այո, մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնությունները և հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:
Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր բարեկամների թիվը շատանա, բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշերին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմաարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ նման արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ամբողջ ներուժի համախմբումը՝ համահայկական ներուժի, Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով է հնարավոր դա անել, որը կդառնա մեր պետականության, գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան և երաշխավոր:
Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և, առավել ևս, վաղվա աշխարհի պայմաններում է’լ ավելի կենսունակ և մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Նա միաժամանակ շեշտեց, որ այս տարի ապրիլի 24-ը դիմավորում ենք բացառիկ պայմաններում, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորին դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր-հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, այս տարի պիտի տեղի չունենա, քանի որ դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու անխուսափելի և պարտադիր պայման է:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր հայրենակիցներին Կառավարության այդ որոշմանն ըմբռնումով վերաբերվելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրեց, որ նման իրավիճակում են նաև սփյուռքի հայրենակիցները, որոնք կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:
«Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ հաղորդելու և ընդգրկում տալու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում: Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը և պարզապես այս պահից սկսած՝ ձեր անուն-ազգանունն ուղարկեք 1915 կարճ համարին՝ եթե Հայաստանում եք, եթե արտերկրում եք՝ ապա + 37433191500 համարին, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա: Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22:00-ին և կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև ձեր հազարավոր օտարերկրացի ծանոթները, ընկերները:
Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշն է եղել, և այսօր այդ խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, շատ ավելի տեսանելի և, համոզված եմ՝ այդպես էլ կլինի: Եվ ուրեմն՝ կեցցե’ ազատությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե’ Արցախի Հանրապետությունը, կեցցե’ հայկական սփյուռքը, և կեցցե’ մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, հիշում ենք և պահանջում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: