Դատարանը անօրինական է ճանաչել Չեխիայում կարանտինի հաստատումը

Չեխիայի լրատվական գործակության (ČTK) փոխանցմամբ, ապրիլի 23-ին Պրահայի քաղաքային դատարանը ապօրինի է ճանաչել Չեխիայի Առողջապահության նախարարության որոշումը՝ երկրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մանրածախ առևտրի սահմանափակումների վերաբերյալ։ Այդուհանդերձ, քաղաքացիները շարունակելու են պահպանել կարնտինի համար սահմանված կարգը։

Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Չեխիայում կարանտինի հաստատման պայմանները մշակել է երկրի կառավարությունը՝ հիմք ընդունելով «Արտակարգ դրության մասին» օրենքը, և հանձնարարվել է երկրի Առողջապահության նախարարությանը կայացնել համապատասխան կարգը հաստատող որոշումները։ Պրահայի քաղաքային դատարանը եզրահանգել է, որ կարանտինային ռեժիմ հաստատելու նման կարգը հակասում է օրենսդրական գործընթացին։ Քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակել միայն կառավարությունը և ոչ նախարարությունը։ Օրենսդրական սխալը նկատել է իրավունքի մասնագետ Օնդրժեյ Դոստալը, որն էլ դիմել է քաղաքային դատարան։

Ապրիլի 27-ին լրանում է նախարարության ընդունված որոշմամբ սահմանված կարանտինի ժամկետը, ուստի դատարանն ապրիլի 23-ին է կայացրել օրենսդրության խախտման մասին որոշումը, որպեսզի կառավարությանը սխալն ուղղելու և օրենքի պահանջով որոշում կայացնելու հնարավորություն տա։ «Մենք հասկանում ենք, թե ինչ նպատակով են դիմել ծայրահեղ միջոցների և հենց այդ նկատառումով լայն հնարավորություն ենք տալիս կառավարությանը շտկելու իրավական սխալը։

Հ.Գ. Չեխիայում դատարանն իսկապես անկախ է, օրենքը և իրավունքը գերակա։

Տեսանյութեր

Լրահոս