«Վեհափառի խոսքն ուղղված չէր Հանրային խորհրդի նախագահին կամ ԱԺ փոխնախագահին. այն դատական իշխանություններին ուղղված խոսք էր»

«Կարծում եմ՝ սա պետության վերաբերմունքը չէ եկեղեցու նկատմամբ, եթե նույնիսկ կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետությունը վատ վերաբերմունք ունի եկեղեցու նկատմամբ՝ այս կարծիքը չեմ կիսում: Ըստ իս, բացասական, թշնամական և ատելության խոսք տարածող մարդիկ ոչ թե պետություն են, այլ պետական պաշտոնյաներ են, որոնք պետական, եկեղեցական մտածելակերպից զուրկ են: Մի այսպիսի խոսք կա,  ասում են՝ «նախիրը հետ է դառնում, կաղերը հայտնվում են նախրի առջևում, որոնք վերջում էին գնում», նման իրավիճակ է ստեղծվում հետհեղափոխական շրջանում, երբ պատահական մարդիկ, որոնք վաստակ չունեն, կարող են անլուրջ քննադատություններ անել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությանը, որի հետ կապված բազմաթիվ քննադատություններ հնչեցին կաթողիկոսի և Առաքելական եկեղեցու հասցեին:

Հիշեցնենք, որ Կաթողիկոսն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր են համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից: Հայտարարությունից հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննադատել էին հայտարարությունը, վերջինս վկայակոչել էր կաթողիկոսի աշխարհիկ անունը և նշել, որ ժամանակին հանրությունը պահանջում էր նաև կաթողիկոսի հրաժարականը:

Քահանայի խոսքով՝ 2008  թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էին նախագահական ընտրություններին, նրանց գյուղում՝ որպես հոգևոր հովիվ, դիմավորել է, զրուցել, սակայն այն ժամանակվա իշխանությունն իրեն որևէ ձևով չթիրախավորեց, չեն ասել, թե ինչու է ընդդիմադիր ուժերի ղեկավարներին դիմավորել:

«Առհասարակ մեզ որևէ հրահանգ չի եղել, չեն ասել՝ սրա կամ նրա կողմը բռնեք, մենք բոլորին վերաբերվել ենք՝ որպես մեր եկեղեցու անդամների: Նախ՝ Վեհափառի խոսքը չի եղել միայն Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին, եղել է  ընդհանուր ռիսկային խմբում հայտնվածների մասին, ինքս Վեհափառի խոսքը ընդհանուրի մեջ եմ տեսել: Լրագրողի հարցն է կոնկրետ անձի վերաբերում, պարզ է, որ Վեհափառը չէր կարող խուսանավել ուղիղ պատասխանելուց:

Բնական է, որ եկեղեցին սիրո, մարդասիրության, հանդուրժողականության, ներողամտության դիրքերից հանդես գա: Թուրք մարդասպանը, որ կրակել էր Հռոմի պապի վրա, նրան ներում  շնորհվեց, սա մարդասիրության դրսևորում է, և բոլորը բարձր էին գնահատում: Երբ մարդիկ ասում են, թե ինչու նախկինում նման բան չի արվել, պետք է ասեմ, որ կալանավայրերի հոգևոր տեսչություն կա՝ հայր Ռուբենի գլխավորությամբ, նա տասնյակ կալանավորների է այցելել, ու մենք միշտ էլ կարծիք ենք հայտնել:

Այսինքն, եթե այս ամենը հրապարակային ցույց չենք տվել, չի նշանակում, որ նրանց չենք անդրադարձել, կամ մինչև այժմ եղե՞լ է, որ Հայաստանում նախագահ կալանավորվի, իհարկե, բոլորն Աստծո մոտ հավասար են, բայց մինչև Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, չի եղել, որ նախագահ կալանավորվի: Այնպես չի եղել, որ նախկինում Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին կալնավորել են, և եկեղեցին նրանց հետ կապված որևէ բան չի արել:

Ի վերջո, Վեհափառի խոսքն ուղղված չէր Հանրային խորհրդի նախագահին կամ ԱԺ փոխնախագահին, այն դատական իշխանություններին ուղղված խոսք էր, որը կարող էին հաշվի չառնել: Բայց այն մերժելուց հետո Վեհափառին դիմեին աշխարհիկ անունով, երբ նրա անձնագրի մեջ քաղաքացիական անունը նշված չէ՝ ճիշտ չէ: Բացի այդ, տարիքային տարբերություն կա, շատ անգամներ ինձանից տարիքով մեծ մարդկանց ես անունով չեմ դիմում՝ դիմում եմ ազգանունով կամ հորեղբայր կամ մորեղբայր դիմելաձևով»,- շեշտեց քահանան:

Ըստ նրա, երկրում արտակարգ դրություն է, եկեղեցուն և հոգևորականությանը փնովելու փոխարեն, կարող են, օրինակ, զբաղվել սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների լուծմամբ:

«Վեհափառը շատ բաց մարդ է, ես որևէ մեկին չեմ ճանաչում, որ ցանկանա հանդիպել Վեհափառի հետ, կարծիք հայտնի, սակայն դրա հնարավորությունից զրկված լինի: Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանին, անկախ նրա արտահայտած վիրավորական խոսքերից, սիրով կընդունի, և նրանք կարող են շատ հարցերի շուրջ խոսել, այլ ոչ թե համացանցում շատ ֆեյքերի ուղղորդել եկեղեցու դեմ և զբաղվել էժանագին քննադատությամբ: Ասում են, բա մարտի 1-ին Վեհափառը որտե՞ղ էր, բայց նույնիսկ Երկրորդ նախագահը դատարանում վկայեց, որ, երբ իրավիճակը հասել էր վտանգավորի շեմին, Վեհափառը զանգահարել է իրեն և խաղաղարարական միջնորդության առաջարկ արել, որին համաձայնել է Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել, որ Վեհափառը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտից հետ է վերադարձել, քանի որ նրան չեն ընդունել: Որևէ մեկս չենք ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց երբ պարետը հաղորդագրություն է ուղարկում և ասում՝ Հարության տոնին եկեղեցի մի այցելեք, հիմա եկեղեցին նա կապո՞ւմ է քաղաքականության հետ, թե՞ ոչ, իհարկե կապում է, արտակարգ իրավիճակի անմիջական կրողը մենք ենք»,- շեշտեց նա:

Տեր Վրթանես Բաղալյանի համար զարմանալի է, թե ինչու իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ երկրի վարչապետը, չեն խոսում այն դրական արարքների ու քայլերի մասին, որոնք կատարում է եկեղեցին և անձամբ Վեհափառը, ինչու նաև դրա գնահատականը չեն տալիս: Փոխարենը՝ վերջին շրջանում տեսան, թե կաթողիկոսի հասցեին եղած քննադատություններին ինչպես արձագանքեցին մտավորականները, լրատվական դաշտի ներկայացուցիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները:

«Ասում են՝ քաղաքականությունից մի խոսեք, բայց երբ մեր հոգևոր հոր՝ Վեհափառի հասցեին նման կերպ են արտահայտվում, չենք կարողանում մեզ զսպել: Այսօր շատ պաշտոնյաներ բանակում չեն ծառայել, քանի որ տարկետում են վերցրել, նման մի տարկետում էլ ինձ էր հասնում, բայց ես դրանից հրաժարվել եմ, որից հետո Վեհափառի կողմից նշանակվել եմ բանակային ծառայության և 4  տարի զբաղվել հոգևոր սպասավորությամբ, հայրենիքիս համար սիրով եմ ծառայել: Վեհափառի դեմ հարձակվողներից շատերը որտե՞ղ էին հայրենիքի պաշտպանության ժամանակ, որտե՞ղ էին Արցախյան շարժման և ապրիլյան պատերազմի ժամանակ: Բազմաթիվ հոգևորականներ գնացին առաջնագիծ: Կուզենք, որ քաղաքական դաշտում տիրի ոչ թե վրեժխնդրությունը և հաշվեհարդարն ուրիշների նկատմամբ, այլ լինեն կառուցողական»,- հավելեց նա:

Նա նաև նկատեց՝ այսօր կարիք կա նախկինում տեղի ունեցած իրադարձություններին գնահատական տալու, օրինակ՝ մի խումբ անձինք երկու տարի առաջ ներխուժել էին Վեհարան, բայց նրանցից որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, Վեհափառի դեմ ոտնձգություն կատարեցին Գնդեվազի ճանապարհին:

«Մաղթում եմ, որ մեր պետական և եկեղեցական այրերն ավելի համերաշխ ապրեն, Աստված համերաշխություն տա  մեր ազգին և մեր ինքնահաստատվելու, միմյանց վարկաբեկելու փոխարեն՝ ձեռք ձեռքի տալով՝ կարողանանք ժողովրդին դուրս բերենք այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից: Այս պահին առավել քան երբևէ մեր ազգը միաբանության կարիք ունի, և մյուսներին քննադատելը մեր արժանիքները չի բարձրացնում, սրա մասին կուզեմ, որ այսօր խոսենք: Եթե որևէ պետական իշխանավոր իր գործը լավ չի անում, ապա դա դեռևս չի նշանակում, որ ես իմ ծառայությունը լավ եմ անում, թող յուրաքանչյուրն ուրիշներին քննադատելու փոխարեն՝ փորձի իր գործը լավ անել»,- եզրափակեց քահանան:

Տեսանյութեր

Լրահոս