«ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու չէ, ուստի մեր միգրանտները ՌԴ-ում վարորդ աշխատելու համար ստիպված են ստանալ ռուսական վարորդական իրավունքի վկայական». Տաթևիկ Բեժանյան
168.am-ը զրուցել է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, շահերի պաշտպան Տաթևիկ Բեժանյանի հետ
– Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նամակ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին` կորոնավիրուսի պայմաններում մի շարք օժանդակ միջոցառումներ առաջարկելով աշխատաշուկայի և զբաղվածության ոլորտում: Մասնավորապես, առաջարկվում է հավասարեցնել աշխատանքի տեղավորված միգրանտների կարգավիճակը ՌԴ քաղաքացիների կարգավիճակին` գործազրկության նպաստ ստանալու համար: Կգնա՞ ՌԴ–ի կառավարությունն այս քայլին, եթե այո` ի՞նչ խնդիր է դրանով լուծում նաև իրենց` ՌԴ–ի համար` ժողովրդագրական, աշխատաշուկայի հետ կապված: Ի դեպ, մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր կառավարությանը գործազրկության առավելագույն նպաստը բարձրացնել մինչև աշխատանքի վարձատրության դրույքաչափի առավելագույն մակարդակի` 12.130 ռուբլու:
– ՌԴ տնտեսության մի շարք ճյուղեր, ինչպես, օրինակ` շինարարությունը, ծառայությունների ոլորտը, հիմնված են միգրանտների աշխատուժի վրա: Ռուսաստանն այսօր կանգնած է լրջագույն տնտեսական խնդիրների առջև, ուստի պետք է քայլեր ձեռնարկի՝ պահելու դեռևս իր երկրում գտնվող միգրանտներին: Մի կողմից ՌԴ-ն չի կարող ետ ուղարկել այդ միգրանտների մի մասին, քանի որ փակ են ճանապարհները, մյուս կողմից էլ՝ ՌԴ-ում հստակ հասկանում են, որ առանց աշխատանքային միգրանտների՝ իրենց տնտեսության մի շարք ճյուղեր ուղղակի կդադարեն գործել:
Ես կարծում եմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության դյուրացումների: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, կընդունվի, գուցե ոչ այս ձևակերպմամբ, բայց նման բովանդակությամբ փաստաթուղթ կընդունվի:
Ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ նախագահը՝ նոր կորոնավիրուսի հետագա տարածման վտանգի հետ կապված, ստորագրել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին» հրամանագիրը, որով օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի վերցնելը կախված չի լինի նրանից՝ ունի՞ արդյոք այդ անձն աշխատանքի թույլտվություն, պատենտ, կամ սահմանին միգրացիոն քարտի այցի նպատակը բաժնում լրացրե՞լ է «աշխատանք» բառը, թե՞ ոչ, անհրաժեշտ է միայն գործատուի կողմից իրազեկում, որ պահպանվում են ինքնամեկուսացման պայմանները: Չեմ զարմանա, եթե առաջիկայում հանեն նաև միգրացիոն հաշվառումը:
– Քիչ չեն դեպքերը, երբ հայ աշխատանքային միգրանտների, այսպես ասած, չամրագրված աշխատանքային իրավունքները ոտնահարվում են, աշխատած գումարները չեն տալիս, և քանի որ չեն գրանցվել, չեն կարողանում տվյալ մարդիկ պաշտպանվել, ստանալ կատարած շինարարական կամ վերանորոգման աշխատանքների դիմաց իրենց գումարները: Ցավոք, շատ անգամ հենց հայն է հային խաբում, կոպիտ ասած` «գցում»: Արդյոք կա՞ն տարբերակներ՝ նույնիսկ այս դեպքում նրանց օգնելու:
– Ցավոք, պետք է նշեմ, որ սա շատ տարածված խնդիր է: Եվ, այո, մարդկանց խաբում են հենց մեր հայրենակիցները, հաճախ՝ հարազատները կամ բարեկամները: Շատ դեպքերում գործատուն վճարում է գումարը, իսկ միջնորդը, ով տարել է շինարարներին աշխատելու, յուրացնում է այդ գումարները: Այստեղ շատ կարևոր է իրազեկել մեր քաղաքացիներին, որ անպայման անհրաժեշտ է ունենալ աշխատանքային պայմանագիր և հնարավորության դեպքում գումարը ստանալ ոչ կանխիկ տարբերակով՝ բանկային հաշվին:
Բացի այն, որ պետք է պայմանագիր ունենալ, պետք է պայմանագիր կնքելիս էլ ուշադիր լինել: Մինչ պայմանագիր ստորագրելն անհրաժեշտ է այն ուշադիր կարդալ: Եթե պայմանագրի աշխատաժամանակի, մասնագիտության և աշխատավարձի տողերում նշված չեն այն տվյալները, որոնք նախապես քննարկվել են, ավելի լավ է չստորագրել, քանի որ հիմնականում լինում է այն, ինչ ստորագրել է միգրանտը: Երբեք չստորագրել դատարկ թղթերի կամ բլանկների վրա: Պայմանագիր պետք է կնքել առնվազն 3 օրինակից՝ աշխատողի համար, գործատուի համար և Միգրացիոն հարցերի գերատեսչության համար:
Իսկ եթե, այնուամենայնիվ, միգրանտը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ունի իրավական աջակցության կարիք, այդ թվում` աշխատած գումարը ստանալու հետ կապված, ապա այսօր ՌԴ-ում գործում է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն, որին կարելի է դիմել:
2019թ. սեպտեմբերից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն` «Կարիտաս Ֆրանսիա»-ի ֆինանսավորմամբ, ինչպես նաև` Ղրղըզստանի և ՌԴ գործընկերների հետ համատեղ, իրականացնում է «Ղրղըզստանում, Հայաստանում և Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագիրը: Ծրագրի ռուսաստանյան գործընկեր «Թոնգ Ջահոնի» միջազգային կազմակերպությունը ՌԴ-ում իրականացնում է միգրանտների իրավունքների պաշտպանություն: Սա Հայաստանում գործող միակ ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանել ՌԴ-ում:
Ի գիտություն մեր աշխատանքային միգրանտների՝ ուզում եմ տեղեկացնել, որ, եթե գտնվում են ՌԴ-ում և ծագել են միգրացիոն խնդիրներ ոստիկանության աշխատակիցների, միգրացիոն ծառայության աշխատակիցների, սահմանապահների և մաքսային ծառայողների, գործատուի, վարձակալած բնակարանի սեփականատիրոջ հետ, կարող են շուրջօրյա անվճար աջակցության համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 903 148 9636, +7 926 834 7602 :
– ԵԱՏՄ շրջանակում աշխատանքային իրավունքների, առհասարակ, միգրանտների իրավունքների հետ կապված՝ ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն կա, և այս հարցում ՀՀ-ն ի՞նչ անելիքներ ունի: Հիշում ենք ժամանակին ծագած հայ վարորդների հետ կապված խնդիրները:
– Իհարկե, ԵԱՏՄ անդամակցությունը որոշակի դյուրացումներ տվեց ՀՀ-ից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտներին, բայց, անշուշտ, դեռևս կա այլ փոփոխությունների անհրաժեշտություն: Ինչպես, օրինակ, միգրացիոն հաշվառումը, որը հսկայական խնդիրներ է ստեղծում, մուտքի արգելքի հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում: Սահմանին միգրացիոն քարտ լրացնելիս այցի նպատակը բաժնում «աշխատանք» բառը չնշելու դեպքում միգրանտը չի կարող աշխատել, երկրի ներսում չկա հնարավորություն այդ տեղեկությունն ուղղելու: Եթե միգրանտն ուզում է աշխատել, ստիպված է լինելու սահմանը հատել, կրկին մուտք գործել երկիր և այցի նպատակը բաժնում նշել՝ աշխատանք: Ինչը ծախսատար և ժամանակատար պրոցես է:
Ինչ վերաբերում է վարորդական վկայականներին, այդ խնդիրն այսօր էլ կա: ՌԴ Պետդուման 2017թ. հուլիսին «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում փոփոխություն կատարեց, որով թույլատրվում էր ռուսերենը որպես պաշտոնական լեզու ճանաչած մի շարք երկրների քաղաքացիներին՝ ՌԴ-ում աշխատել՝ որպես վարորդ ազգային վարորդական իրավունքով: Եվ քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանում ռուսերենը պաշտոնական լեզու չէ, ուստի մեր միգրանտները, որպեսզի ՌԴ-ում կարողանան վարորդ աշխատել՝ ստիպված են ստանալ ռուսական վարորդական իրավունքի վկայական: