«Մեր բոլոր առաջարկությունները պետք է ընդունեն, որպեսզի ոլորտը նպատակային և հասցեական աջակցություն ստանա». Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ
Դեռևս նախորդ ամիս Կառավարությունը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու մի քանի միջոցառման փաթեթ, որտեղ առաջին միջոցառումը ենթադրում է աջակցություն բոլորին, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտին:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության նախաձեռնած միջոցառումներին, նշեց, որ միջոցառումներից առաջ, նախ՝ պետք է հաշվի առնել զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները և անել որոշակի փոփոխություններ:
«Կարծում եմ՝ բոլորս էլ ընկալում ենք, որ առաջին և ամենամեծ հարվածն իր վրա վերցրել է զբոսաշրջության ոլորտը, այն ամբողջովին կանգ է առել, վերականգնելիս էլ ամենաուշն այս ոլորտն է վերականգնվելու, բայց իր հետևից անպայման տանելու է տնտեսության մյուս ճյուղերին՝ հանդիսանալով այն անփոխարինելի գործիքը, որը օգնելու է առավել արդյունավետ հաղթահարել ճգնաժամը և օգտվել հնարավորություններից: Այսպես, օրինակ՝ վարկեր տրամադրելու համար, 24 ամսվա փոխարեն՝ անհրաժեշտ է, որ գոնե վարկի ժամկետը լինի 36 ամսով և լինի 12 ամիս արտոնյալ ժամանակահատված, այսինքն՝ վարկի մարումը սկսվի վերցնելուց 12 ամիս հետո:
Առհասարակ մենք առաջարկել էինք, որ առաջին և երրորդ փաթեթների փոխարեն՝ լինի առանձին միջոցառումների փաթեթ հատուկ զբոսաշրջության վերաբերյալ, որտեղ կլինի այդպես՝ անտոկոս վարկ՝ 3 տարի ժամկետով, 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով, շրջանառության հետ կապված չլինեն սահմանափակումներ, այսինքն՝ լինի 24-500 մլն դրամ, և այս արտոնությունները հասանելի լինեն բոլորին, և նպատակների մեջ էլ լինի հետևյալը, որ կարողանան նաև օգտագործել գործող վարկային պատմությունները կատարելու համար»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ կան բազմաթիվ զբոսավարներ, նրանց ևս չպետք է մոռանան՝ հաշվի առնելով, որ նրանք երկու ձևով են աշխատում՝ և՛ որպես վարձու աշխատողներ, և՛ որպես անհատ ձեռնարկատեր: Կառավարության 8-րդ միջոցառման մեջ նշվում է, որ անհատ ձեռնարկատերերին տալու են միանվագ աջակցություն, սակայն այդ դեպքում հաշվարկում են բազային միավորը 4-րդ եռամսյակի շրջանառությամբ:
«Այստեղ պետք է հաշվի առնել, որ 4-րդ եռամսյակը համեմատաբար զբոսաշրջության երկրորդ ամենապասիվ սեզոնն է, երբ նրանց շրջանառությունը շատ փոքր է: Այստեղ, եթե ուզում ենք իրական ու նպատակային օժանադակություն ցուցաբերել զբոսաշրջության ոլորտի անհատ ձեռնարկատերերին, ապա պետք է բազային շրջանառությունը համարել 3-րդ եռամսյակի շրջանառությունը, այդ դեպքում գոնե նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն ստանան զբոսավարները»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ նշված առաջարկությունները տեղադրել են ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում, ներկայացնելով Կառավարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, առաջարկները քննարկել են նաև պատգամավորների հետ:
«Մենք, իհարկե, այս մոտեցումը ողջունում ենք և գիտակցում, որ իրավիճակից կախված՝ անհրաժեշտ է, որ որոշումներն արագ ընդունվեն, և այդպես էլ եղել է: Տեսնելով այդ միջոցառումների ընթացքը և հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները՝ կատարել համապատասխան բարելավումներ, որպեսզի իրականում այս ոլորտին կարողանանք անհրաժեշտ հասցեական ու նպատակային աջակցություն ցուցաբերել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաև ընդգծեց, որ Կառավարության ներկայացրած փաթեթից զբոսաշրջային ընկերությունները կարող են օգտվել, բայց ոչ մեծ քանակով, քանի որ, օրինակ՝ երրորդ միջոցառման մեջ նշված է եռամսյակային շրջանառության չափանիշ, որի մեջ մեծամասամբ չեն մտնում ոլորտի ներկայացուցիչները, որովհետև առաջին եռամսյակն ամենապասիվ սեզոնն է, և նույնիսկ տարեկան 5 տոկոս շրջանառություն ոլորտի տնտեսվարողները չեն ունենում, հետևաբար՝ չեն կարողանում օգտվել միջոցառումից:
«Կարող եմ ասել, որ Կառավարությունը փոփոխություն կատարեց այս մասով, և, կարծում եմ՝ այժմ դրանից օգտվողների ցանկը կմեծանա: Ըստ իս՝ մեր բոլոր առաջարկությունները պետք է ընդունեն, որպեսզի ոլորտը նպատակային և հասցեական աջակցություն ստանա: Ընդհանուր զբոսաշրջության ոլորտում, նվազագույն հաշվարկներով, օրինակ, միայն ներգնայով կարելի է հաշվել հետևյալը, որ միայն նախորդ տարի 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություններ ենք ունեցել, բնականաբար, դա պետք է այս տարի աճեր առնվազն 10-15 տոկոսով:
Եթե 770 հազար ներգնայի դեպքում հաշվարկենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը Հայաստանում ծախսում է 800 դոլար, ապա կարող ենք տեսնել, թե որքան եկամուտ ենք կորցնում, այն էլ՝ միայն առաջին կիսամյակում»,- եզրափակեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: