«Փաշինյանին չհաջողվեց թաքնվել ավելի ցածր մակարդակի կատարողների ետևում»
Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ հայ-ռուսական նոր սկսված բանակցություններն ուշագրավ ընթացք են ստանում։ Կողմերը, կարծես, չեն կողմնորոշվում, թե որ մակարդակում պետք է տեղի ունենան հայ-ռուսական գազային բանակցությունները։
Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ ՀՀ մատակարարվող գազի գինը միջազգային գներին համապատասխանեցնելու, վերանայելու՝ մասնավորապես իջեցնելու, ինչպես նաև՝ գազային առևտուրն ազգային արժույթով իրականացնելու հայտով։
Սրան զուգահեռ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում քննարկվել էր նաև ռուսական գազի սակագների հարցը։ Իր վերջին առցանց ծավալուն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետը նաև հստակեցրել էր, որ հարցն ունի բացառապես տնտեսական բաղադրիչ, և չպետք է քաղաքականացվի, չնայած դրանից ժամեր առաջ հարցը քննարկել էր ՌԴ նախագահի հետ՝ ավելի ուշ հույս հայտնելով, որ ՌԴ նախագահը կմիջամտի խնդրին։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ եթերի ընթացքում երկար խոսել էր այն մասին, թե ինչպես են նախկին իշխանությունները մշտապես քաղաքականացրել հարցը, թեև այս հարցը պետք է քննարկել միմիայն քաղաքական մակարդակում։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ ողջ աշխարհը, այդ թվում՝ ՀՀ-ն, պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը զսպելու և սոցիալ-տնտեսական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ, հարցն ավելի մեծ զգայունություն է ձեռք բերել, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել, ինչի բավարարման դեպքում գազի սակագինը սպառողի համար կբարձրանա։
Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։
Հարկ է նշել, որ այս հարցը մամուլում ոչ միշտ է ճիշտ մեկնաբանվում. հաճախ քննարկում են, որ Ռուսաստանն է այս փուլում բարձրացնում գազի սակագինը, այնինչ խոսքը սահմանին գազի սակագնի մասին չէ, այս դիմումով հանդես է գալիս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ինչը կանխատեսելի էր դեռ անցյալ տարվանից, երբ փոխվել էր ռուսական գազի սակագինը սահմանին։ Հայտնի է, որ 2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներքին ռեսուրսների հաշվին, ինչը, մի շարք փորձագետների համոզմամբ, երկար շարունակվել չէր կարող և, ի վերջո, ընկերությունը պետք է դիմեր ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու նպատակով, ինչը և տեղի ունեցավ։
Մարտի 31-ից սկսած հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում էր, թե ինչպիսի պատասխան նամակով է հանդես գալու «Գազպրոմը» և իր այս կամ այն որոշման համար՝ ինչպիսի տնտեսական հիմնավորումներ է ներկայացնելու։ Սակայն «Գազպրոմի» պատասխանում տնտեսական բաղադրիչն ուշագրավ կերպով բացակայեց։
Մարտի 15-ին ՀՀ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ, այո, ստացել է իր նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» պատասխանել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո։ Նա նաև հավելել էր, որ պատասխան նամակում նշված է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։ Այս փուլում ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն կան միմյանց հակասող ընկալումներ, թե որ մակարդակում պետք է քննարկվի և լուծում ստանա այս հարցը։
168․am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ով օրեր առաջ մեր լրատվամիջոցի հետ զրույցում պնդել էր, որ հայկական կողմն է փորձում քաղաքականացնել հարցը, և հայկական կողմին պետք է պատասխանի «Գազպրոմը», ասաց, որ «Գազպրոմն» իր այս պատասխանով հարցը տեղափոխում է քաղաքական մակարդակ։
Սրանով, ըստ նրա, «Գազպրոմը» սիրալիր կերպով, անուղղակիորեն պատասխանում է, որ բացառապես տնտեսական, կորպորատիվ կամ գազպրոմյան պատճառներ այս հարցի քննարկման համար չի տեսնում։
«Այդ պատճառով հարցը բարձրացնում է կառավարությունների մակարդակ, որը և զբաղվում է տնտեսական քաղաքականության մշակմամբ։ Այսինքն՝ «Գազպրոմն» ինքն այս հարցը տեղափոխում է քաղաքական մակարդակ։ Ուղիղ կերպով նախագահի մակարդակ չի կարող տեղափոխել և այս պատասխանը դա չի ենթադրում, բայց կառավարությունների մակարդակը լիովին հասկանալի ու նորմալ է»,- ասաց Կոլերովը։
Հարցին, թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական բանակցությունները, եթե դրանք տեղի ունենան, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ մշտապես բարձրացվում է հայ-ռուսական գազային համաձայնագրի վերակնքման հարցը, իսկ ցանկացած վերակնքում, համաձայնագրի վերանայում, իհարկե, գնի վերանայման, դիտարկման, գնահատման, պայմանների վերանայման առիթ է ստեղծում։
«Գազային փոխադարձ բանակցությունները մշտական բնույթ են կրում։ «Գազպրոմի» զուսպ պատասխանից տեսնում ենք, որ հարցը տեղափոխվում է կառավարությունների մակարդակ՝ ՌԴ կառավարության և Փաշինյանի մակարդակ։ Փաշինյանն ակնհայտորեն ցանկանում էր խուսափել ուղիղ, անձնական ներգրավվածությունից այս միջկորպորատիվ բանակցային գործընթացում։ Իսկ «Գազպրոմը», տեսնելով Փաշինյանի իրական կշիռը, նրա իրական մասնակցությունն այդ հարցի քննարկումներին՝ հարցը փոխանցում է այս դաշտ»,- ասաց Կոլերովը։
Մեր դիտարկմանը, որ գազի սակագինը ՀՀ վարչապետը քննարկել էր ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում, Կոլերովն այսպես արձագանքեց․
«Արարողակարգի համաձայն՝ Փաշինյանը պետք է հարցը քննարկի ՌԴ վարչապետի հետ, այսինքն՝ կառավարությունը շփվում է կառավարության հետ: Այսինքն՝ «Գազպրոմը» վերադարձրեց հարցը Փաշինյանի քննարկմանը, ով էլ այս հարցի նախաձեռնողն է, Փաշինյանին չհաջողվեց թաքնվել ավելի ցածր մակարդակի կատարողների ետևում։ Դուք մտահղացման հեղինակն եք, Դուք էլ վարեք բանակցությունները»,- ասաց Կոլերովը։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ «Գազպրոմի» պատասխանից կարելի է ենթադրել, որ «կտրուկ շարժումներ» այս հարցով չեն լինելու, այսինքն՝ ոչ թանկացման, ոչ էժանացման ուղղությամբ։
«Ցանկացած նման որոշում պետք է կայացվի՝ բխելով երկու կողմի շահերից։ Ներկայումս հաշվի առնելով այն զարգացումները, որոնք կան նավթային շուկայում, կորոնավիրուսի դեմ պայքարում, բնականաբար, տնտեսական առումով նպատակահարմար չէ, ինչպես հասկանում եմ, այս հարցի քննարկումը։ Հարցը և տնտեսական է, և քաղաքական, կա գործընկերություն, հենց նման հարցերի համար է գործընկերությունը։ Կարծում եմ՝ քաղաքական մակարդակում տեղի կունենան քննարկումները, և դա ներկայիս փուլում ճիշտ կլինի»,- ասաց Սկակովը։
Ըստ նրա՝ «Գազպրոմի» պատասխանից հնարավոր չէ դատել, թե սա տնտեսակա՞ն մակարդակում է լուծվելու, թե՞ քաղաքական։
Նրա համոզմամբ՝ սա առավելապես պատասխան էր՝ ուղղված ժամանակ շահելուն։