Բաժիններ՝

Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում:

«Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում: Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին եւ ես կրկին ուզում եմ շնորհակալության եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված եւ մեկուսացած լինելով իրենց ընտանիքներից: Շնորհակալ ենք ձեզանից, առողջապահության համակարգի սիրելի աշխատողներ, սիրելի բուժաշխատողներ եւ ծափահարում ենք ձեզ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նա ներկայացրեց թե Հայաստանի Հանրապետությունում և թե աշխարհում հիվանդության տարածման թվային տվյալները. «Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ: Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետեւյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, եւ ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ եւ այսպես շարունակ: Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար: Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական եւ ճգնաժամային պահերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս