«Այս խորհրդարանի կազմի պատգամավորներն այն մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, նրանք այստեղ առավոտից երեկո աշխատում են». ԱԺ նախագահը՝ պարգևավճարների մասին

«Վճարման տարբեր սանդղակներ կան, կարող եմ նաև մասնավոր ընկերություններում աշխատելու իմ փորձից կիսվել: Առհասարակ սա աշխարհում սկզբունք է՝ վարձատրության չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով: Որքան շատ բան է կախված այս մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա պետական համակարգում՝ այդ պատասխանատվության աստիճանով պայմանավորված, կա վճարման սանդղակ: Կա նաև մեդալի հակառակ կողմը, կա իրողություն, որ անապահով խավի որոշակի համամասնություն կա մեր հասարակության մեջ, և չի կարելի չոր ասել, որ, եթե պատասխանատվության չափը շատ է, ուրեմն պետք է ստանա, օրինակ, 10 մլն դրամ, և կենսաթոշակառուն ստանա 30 հազար դրամ: Բայց կրկնում եմ՝ մենք չեն կարող անտեսել իմ նշած հանգամանքը, որ մարդկանց պատասխանատվությունը շատ է, և նրանք պետք է բարձր վճարվեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին:

Ըստ նրա՝ իր նշած հանագամանքը հատկապես ցայտուն է գործադիր մարմնի դեպքում, երբ խոսքը վերաբերում է բարձր պրոֆեսիոնալություն ունեցող կադրերին, քանի որ օրինաչափ է, երբ նման կադրերը ստանան այնքան գումար, որքան ստանում էին մասնավոր հատվածում աշխատելու ժամանակ:

Դիտարկմանը, որ հեղափոխությունը խոսում էր նվիրյալների մասին, Արարատ Միրզոյանը նշեց, որ առանց նվիրյալների չի կարող լինել, քանի որ ամեն ինչ խարսխված է նաև արժեքների վրա, ծառայելու պատրաստակամության վրա, և առանց նվիրյալ լինելու՝ չեն կարող ծառայել:

«Բայց միևնույն ժամանակ՝ չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ, այդ նույն ծառայողը պետք է իմանա, որ չունի այս կամ այն կենցաղային խնդիրները, պետք է իմանա, որ արժանապատիվ վճարվում է, քանի որ ինչ-որ պահի կարող է ասել, որ գնա մասնավոր հատվածում ծառայի: Նաև պետք է նկատեք, որ, եթե տեսնում են, որ չի բարձրացվում բուժաշխատողի, ուսուցչի, ոստիկանի աշխատավարձը, և դա արվում է միայն պաշտոնյաների դեպքում, ապա այստեղ շատ մեծ խնդիր կլինի, բայց մենք տեսնում ենք, որ արվում ենք քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա նաև հավելեց, որ մինչև 1995 թվականի Սահմանադրությունը պատգամավորը պրոֆեսիոնալ չի եղել, այսինքն՝ մարդը կարողացել է ինչ-որ տեղ աշխատել, իսկ ԱԺ նիստերի օրերին եկել ու մասնակցել է քննարկումներին, հետագայում որոշվել է, որ պատգամավոը պետք է զբաղվի պրոֆեսիոնալ գործունեությամբ:

«Ժողովուրդ ջան, հիմա ծառայությունը՝ ծառայություն, բայց ինչ-որ մեկն այժմ ունի հիպոթեքային վարկ, այս խորհրդարանի կազմի պատգամավորներն այն մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, այլ եկամուտներ, նրանք այստեղ առավոտից երեկո աշխատում են, անում են քայլեր, որպեսզի այս ու այն ոլորտում կյանքը լավացնեն, ինչի համար էլ վճարվում են: Կա օրենքով սահմանված աշխատավարձ և բյուջեով նախատեսված 30 տոկոսի չափով պարգևավճար, որը ստանում են ԱԺ 700  աշխատակիցներ»,- շեշտեց նա:

Հարցին՝ ավելի լավ չի՞ լինի, եթե պարգևավճարների փոխարեն՝ լինի ֆիքսված աշխատավարձ, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ նման միտք էլ կա:

«Մենք ֆորմալացնելու ենք այն, ինչ կա, դրանից չի պակասելու պարգևավճարը, կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն գալու, եկամուտը նույնն է լինելու, ուղղակի պարգևավճարը փոխվելու է և գրվելու է աշխատավարձ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս