
Եթե ստանձնեք ԿԲ նախագահի պաշտոնը, ապա բազմաթիվ մարդկանց կերջանկացնեք. Տաթևիկ Հայրապետյանը՝ Մարտին Գալստյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց այն անձնական մոտիվացիան, որը նրան դրդել է բավականին կարճ ժամանակահատվածում ներքին վստահություն գտնել և ստանձնել ԿԲ նախագահի կարևոր պաշտոնը:
«Իրականում մեծ ճանապարհ եք անցել, վստահ եմ` մասնագիտական կարողություններով ավելի քան համապատասխանում եք այս պաշտոնին, ինձ համար հետաքրքիր էր, որ դուք շեշտեցիք թիմի գործոնը, քանի որ ռազմավարական առումով, կարծում եմ՝ շատ կարևոր է թիմային հենարան ունենալը»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի պաշտոնում իշխող խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը, նրա ընտրության հարցն էլ այսօր քննարկվում է խորհրդարանում:
Պատասխանելով հարցին՝ Մարտին Գալստյանն ասաց, որ յուրաքանչյուրն իր կյանքում մի ճանապարհ է ընտրում:
«Ունակություններս, կարծում եմ՝ բավական են եղել նման որոշում կայացնելու համար, իմ ամբողջ կյանքում ես որոշել եմ, որ պետք է ծառայեմ հանրությանը: Եթե նայեք իմ ուսման ուղեծիրը, ապա կտեսնեք, որ ընտրել եմ սովորելու ոչ թե բիզնես դպրոցում, այլ հանրային կառավարման դպրոցում: Այս ամենի նպատակն այն է, որ մարդկանց կյանքում փոփոխություններ բերեմ, մարդիկ կան, որոնց մեքենաներն են երջանկացնում, ինձ երջանկացնում է այն ամենը, ինչ անում եմ»,- ասաց Մարտին Գալստյանը:
Տաթևիկ Հայրապետյանը վստահեցրեց՝ եթե Մ. Գալստյանը ստանձնի ԿԲ նախագահի պաշտոնը, ապա բազմաթիվ մարդկանց կերջանկացնի: