Վիճակը լուրջ է. եթե լինենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց օրերս Արարատի մարզի Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ մեկուսացման մեջ գտնվող անձի ընտանիքում տեղի է ունեցել դժբախտ դեպք, տվյալ քաղաքացին ոստիկանության ուղեկցությամբ գնացել է հուղարկավորության, սակայն չի պահպանել սոցիալական հեռավորություն, գրկախառնվել է հարազատների հետ, իսկ հուղարկավորությունից երկու օր անց տվյալ մեկուսացված քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Հիմա պարետատունը որոշել է Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնել: Այս վիճակը շատ լուրջ է, հիմա հարաբերություններ են քանդվում, դեպքեր ունենք, որ ընտանեկան և ազգակցական հարաբերություններ են փլուզվում, պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Այսօր մահվան միջին տարիքը 74.6 է, նրանք, ովքեր առողջ են, կամ որոնց մոտ շատ քիչ է հավանականությունը, որ մահվան ելքեր կունենանք, պետք է հասկանան, որ իրենց գործողությունների հետևանքով կարող են մահանալ հարազատներ, ավագ ընկերներ: Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է այս վիրուսին զուգահեռ՝ ապրենք այնպես, որ մեր գլխին աղետներ չբերենք: Յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին և պահվածքին»,- ասաց Նիկոլ Փաշինայնը:
Նիկոլ Փաշինյանը նաև զգուշացրեց՝ առաջիկայում ունենք հիշատակի օրեր, և, եթե լինենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին:
«Առաջիկայում ապրիլի 24-ն է: Ես չեմ կարծում, որ, եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանված մեր նահատակների հոգիներն ավելի հանգիստ կլինեն: Ես կարծում եմ, որ պետք է լինել ճշգրիտ և կարգապահ, եթե մենք ուզում ենք՝ այս սահմանափակումները ոչ թե՝ խստանան, այլ՝ թուլանան: Մենք այլ տարբերակ էլ չունենք, չենք կարող տնտեսությունը փակել, մարդիկ այսօր սոցիալական, հոգեբանական, տնտեսական ճնշման ներքո են, մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում, որը մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն»,- ասաց Փաշինյանը: