«Բժիշկներն այս օրերի հերոսներն են». Սիմոն Մարտիրոսյան
Աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը հերոսություն է համարում կորոնավիրուսի պանդեմիայի օրերին բժիշկների կատարած աշխատանքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը միասնականության կոչ արեց. «Այս մի քանի շաբաթվա ընթացքում դժվար է բոլորիս համար, բայց պետք է միասնական լինենք և մնանք տանը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր այս օրերին` գիշեր ու ցերեկ աշխատում են, ջանք ու եռանդ չեն խնայում հիվանդներին առողջացնելու համար: Նրանք այս օրերի հերոսներն են»,-ասաց նա:
Անվանի մարզիկը խորհուրդ տվեց տանը մնալիս առողջ սնունս օգտագործել. «Շատ կարևոր է, որ առողջ սնվեն, կանոնակարգված սնվեն և իրենց հնարավորությունների սահմաններում տանը մարզվեն ձգումների միջոցով: Եթե հնարավոր է, ապա առավել օգտակար է երբեմն դրսում վազելը: Մենք կհաղթահարենք այս բարդ ու դժվարին օրերը միասնության շնորհիվ»,-եզրափակեց ծանրամարտիկը:
Վարվառա Հայրապետյան