Կալանքի տակ գտնվող 20 անձ ազատ է արձակվել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այդ շրջանակներում Դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են»,- գրել է Աբրահամյանը։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ։