Բաժիններ՝

«Վարկունակության կորուստ, հնարավոր է, ունենանք, բայց ամբողջ աշխարհն է այդ խնդրին բախվում». Ավագ Ավանեսյան

«Պետության տնտեսական աջակցության գործիքներն ուղղված են այն ոլորտներին, որոնք իր համար տեսանելի են»,- անդրադառնալով վարորդների երեկվա բողոքի ակցիային՝ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Եթե մենք տեսնում ենք, որ այդտեղ զբաղվածություն կա և դրամական հոսքեր կան, ապա աջակցությունը քննարկվում է, այն հնարավորինս հասանելի է դարձվում տնտեսվարողներին: Ենթադրենք, որ բոլորին ուզում ենք օգնել, բայց եթե չենք տեսնում, որ այդ անձը եղել է տնտեսվարող սուբյեկտ, ապա նրան օգնելը դժվար կլինի: Կարող ենք ասել՝ եկեք բոլորին փող բաժանենք, բայց, օրինակ, ինձ այդ աջակցությունը պետք չի, դա պետք է թիրախային լինի: Եթե մարդկանց հնարավոր չէ իդենտիֆիկացնել, ապա պետք է խոսել սոցիալական աջակցության փաթեթների մասին»,- ասաց Ավանեսյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ տնտեսական շոկերի հակազդման միջոցառումներին դիմողները շատ են, նախարարությունը շարունակում է դիմումներ ստանալ տարբեր միջոցառումների շահառուներից.

«1-ին միջոցառման համար, որը թիրախավորել է տնտեսության կայունության հենասյուները, այսինքն՝ այն կազմակերպություններին, որոնց բանկային համակարգը կհամարի կայուն, վստահելի գործընկեր, 200-ից ավելի դիմումներ ունենք: 2-րդ միջոցառման համար 536-ից ավելի դիմումներ ունենք, այս միջոցառումն էլ վերաբերում է գյուղատնտեսական կարողությունների պահպանմանն և զարգացմանը: 3-րդ միջոցառումը վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնք առավելապես տուժել են՝ փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք 24-500 մլն շրջանառություն ունեն: Այս պահին 700 հայտ ունենք: Ըստ ՊԵԿ տվյալների՝ 5-րդ միջոցառման 7500 շահառու ստացել է անհրաժեշտ միջոցները: Այս միջոցառումն էլ այն կազմակերպությունների համար է, որոնք աշխատավարձերի ֆոնդը չեն կրճատել, չեն կրճատել աշխատակիցներին: Նրանք պետության կողմից աջակցություն կստանան յուրաքանչյուր 5-րդ աշխատողի միջին աշխատավարձի չափով»:

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ավելացրեց, որ Փոքր և միջին ձեռնարկատիրությունների մասին 3-րդ ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է.

«Նախորդ կարգով սահմանվում էր, որ ծրագրից կարող են օգտվել միայն բարեխիղճ հարկատու տնտեսվարողները, որոնք չեն ունեցել հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ: Այժմ կարող են դիմել նաև այն տնտեսվարողները, որոնց նկատմամբ հարուցված է եղել վարչական վարույթ, սակայն 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն՝ վճարելով վարկային միջոցների տրամադրման վճարը՝ փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով: Եթե նախորդ կարգով սահմանվում էր, որ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է պակաս լինի ընդհանուր տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա նոր որոշմամբ եռամսյակային շրջանառությունը չի կարող գերազանցել ընդհանուրի 70 տոկոսը»:

Լրատվամիջոցներից մեկի պնդմանը, որ ըստ իրենց ստացած ահազանգերի՝ կա ներքին պայմանավորվածություն 1-ին միջոցառման համար 100 մլն դրամից ավելի վարկ չտալու մասին, նախարարի տեղակալն արձագանքեց:

«Ես նման ներքին որոշման մասին տեղեկատվություն չունեմ, որևէ մեկը չունի, ներքին որոշում չկա: Կա Կառավարության հստակ որոշում, կա հստակ կանոնակարգ»:

Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ են իրատեսական «Մուդիս» համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցները Հայաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ, և դրանք կազդե՞ն արդյոք Հայաստանի վարկունակության վրա, նախարարի տեղակալը պատասխանեց.

«Ներկա տվյալների պարագայում կանխատեսումները բավականին իրատեսական են, կան ենթադրություններ, որոնք կարող ենք փոխել մոդելի արդյունքները՝ սկսված նրանից, թե համաճարակը ե՞րբ է ավարտվելու, վերջացրած տնտեսական կառուցվածքով: Եթե նայենք միջազգային կազմակերպությունների և ռեյտինգային կազմակերպությունների գնահատականներին, ապա դրանցից մեկն իջեցրել է Հայաստանի վարկունակության ռեյտինգը, սակայն ամբողջ տարածաշրջանինն է իջեցրել: Հայ ստանն ավելի վատ վիճակում չի գտնվում, քան մեր գործընկեր երկրները: Վարկունակության կորուստ, հնարավոր է, ունենանք, բայց ամբողջ աշխարհն է այդ խնդրին բախվում՝ բացառությամբ մեկ-երկու երկրի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս