«Եթե դուրս գանք և թուղթ ու գրիչ տանք հասարակ քաղաքացուն, ապա նա միանգամից առնվազն կգրի 50 կամ 100 ազգանուն». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի համոզմամբ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը կարևոր օրենքներից է, որն այսօր քննարկում է խորհրդարանը:
«Սա այն գործառույթներից մեկն է, շատ գործառույթների շարքում, որը մենք պետք է իրականացնենք՝ ժողովրդից տարիներ շարունակ թալանված հարստությունը հետ բերելու համար: Այս օրենքն ունի նաև կանխարգելիչ նշանակություն, քանի որ օրենքներն ընդունելիս պետք է կարգավորեն ոչ միայն՝ արդեն գոյություն ունեցող հարաբերությունները հասարակության մեջ, այլև՝ կանխարգելեն նման բացասական դրսևորումները»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ նախագծին խորհրդարանը պետք է միահամուռ ուժերով կողմ քվեարկի, որն էլ կարևորագույն քայլ կլինի ապօրինի գույքի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հովհաննես Իգիթյանի խոսքով էլ՝ այս նախագիծը ոչ թե ուղղված է հասարակ մարդկանց դեմ, այլ օրենքի հիմքում դրված է հակակոռուպցիայի կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որտեղ պարզ նշված է, որ այն պաշտոնյաների չհիմնավորված եկամուտների մասին է:
«Եթե դուրս գանք և թուղթ ու գրիչ տանք հասարակ քաղաքացուն, ապա նա միանգամից առնվազն կգրի 50 կամ 100 ազգանուն, եթե այս նախագիծը դրվի շրջանառության մեջ, ապա այն կուղղվի պաշտոնյաներին, ինչո՞ւ չէ, նաև նախկին պաշտոնյաներին, կարծում եմ՝ մենք այս նախագիծը պետք է ընդունենք և արդյունք ստանանք»,- եզրափակեց նա: