Բաժիններ՝

Ով ինչ կարողանում՝ անում է, ում ասես՝ դիմում են, սական ապարդյուն, մարդիկ էլ ճար չունեն․ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն անօգնական վիճակում են

Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանք տարբեր հարցերով էին ժամանել մեր երկիր, ոմանք՝ բուժվելու նպատակով, ոմանք՝ թաղում, մյուսներն էլ՝ որպես զբոսաշրջիկ։  Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։ Մյուս խմբի անդամներին՝ մոտ 200 հոգու, այդպես էլ չհաջողվեց գոնե ավտոբուսով հասնել իրենց բնակության վայր, հօդս ցնդեց նաև ինքնաթիռով մեկնելու տարբերակը։

Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասն ազգությամբ հայեր էին, ապրիլի 3-ին այդպես էլ չկարողացան լքել Հայաստանը։ 18։50-ին նախատեսված  «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չեղարկվեց, իսկ թռիչքներն անժամկետ հետաձգվեցին, տոմսերի գումարներն էլ չվերադարձրեցին քաղաքացիներին:

«Մարդիկ չգիտեն, թե ինչ անեն, էլ ճար չունեն, անօգնական վիճակում են։ Մի փաստաբան ունենք, ով փորձում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ ինչ-որ բան անել։ Ով ինչ կարողանում՝ անում է, ում ասես՝ դիմում են, սակայն ապարդյուն, Ռուսաստանն իր քաղաքացիներին չի օգնում։  Մենք տեսանք, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն ինչպես հնարավոր ամեն ինչ արեց, որ մարդիկ վերադառնային։ Այդ ինքնաթիռները հայերին բերեցին ու դատարկ կրկին հետ վերադարձան Ռուսաստան։ Ես տեսել եմ, թե ինչպես էին այստեղ քաղաքացիները դիմում ՀՀ դեսպանատանը, իսկ հիմա անգամ Ռուսաստանի դեսպանատունն է փակ, ուր մնաց՝ ժողովուրդը դիմի, որ մի բանով օգնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բուժման նպատակով Հայաստան ժամանած Վարդան Պալյանը, ում մարտի 30-ին հաջողվել է ինքնաթիռի տոմս գնել ու վերադառնալ Ռուսաստան։

«Ժողովուրդը չի կարող մեքենաները թողնել ու գալ, ես եկել եմ, բայց չգիտեմ, թե առանց մեքնեայի ի՞նչ եմ անելու, աշխատանքի համար պետք էր գալիս։ Չգիտեմ, թե ինչ է լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս