Գյումրիում ոստիկաններ են դանակահարվել
Քիչ առաջ լուր տարածվեց, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. դանակահարվել են ոստիկաններ:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։
168.am-ին Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ այսօր` ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ծառայություն իրականացրած ոստիկանները կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված մի մեքենա։
Վարորդը և ուղևորը, որոնք եղբայրներ են, վեճի են բռնվել ոստիկանության ծառայողների հետ։ Այդ ընթացքում ուղևորը դանակով հարվածներ է հասցրել ոստիկանության երկու ծառայողի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը եղբայրներին բերման է ենթարկել բաժին, ապա ներկայացրել տարածքային քննչական բաժին։
Կատարվում է քննություն: