Փաստաբանը «ՀՅԴ-ն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացրած դատական հայցով առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար վաղը՝ ապրիլի 14-ին:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկուհի Սեդրակյանն ասաց, որ հիմք ընդունելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:
Դատարանը ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը, ըստ փաստաբանի, հավանաբար կհրապարակի վաղը՝ նշանակված դատական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ին Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ-ի ներկայացրած դատական հայցի հիմքում պատգամավորի 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթն էր: Հայցը ներկայացված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջով: ՀՅԴ Գերագույն մարմինը պատգամավորից պահանջում է 2 դրամ փոխհատուցում:
Տեղեկացնենք, որ Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:
Հետո, երբ Ա. Բաբաջանյանը տեղեկացել էր իր դեմ եղած դատական հայտի մասին, գրել էր, որ, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իր դեմ դատական հայց է ներկայացնում, ապա պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ Ա. Բաբաջանյանը խոստանում է ներկայացնել նաև իր ասածներն ապացուցող փաստարկներ:
Ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը վստահեցրել էր, որ Արման Բաբաջանյանի վստահությունն ու առհասարակ ոչինչ իրենց չի վախեցնում: