Մի մերժված նախագծի պատմություն, կամ դուք մերը չեք ընդունում, մենք` ձերը
Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հանձնաժողովի վերջին նիստում մերժվեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած օրենսդրական առաջարկները:
168.am-ի հետ զրույցում Տարոն Սիմոնյանն ասաց, որ ինքը 3 նախագիծ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասով է ներկայացրել, մեկն էլ` ձերբակալվածների և կալանավորվածների` տեսակցելու կարգի հետ կապված:
Խոսելով ձերբակալված ու կալանավորված անձանց տեսակցելու կարգի մեջ փոփոխություններ կատարելու իր առաջարկած նախագծի մասին` պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում պատգամավորները կարող էին տեսակցել նրանց, եթե այդ անձանց տեսակցությունների վրա քննիչը արգելանք չէր դրել: Օրենքի ներկա կարգավորմամբ` պատգամավորը կարող է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, սակայն չի կարող տեսակցել այն անձանց, ում տեսակցությունների վրա քննիչն արգելանք է դրել, ու դա խնդիր էր, որովհետև փաստորեն առաջնային մանդատով օժտված գործիչը կաշկանդված է նախաքննական մարմնի որոշմամբ: Այդ դեպքում միայն ՄԻՊ-ն ու տվյալ անձի փաստաբանը կարող էին նրան տեսակցել:
«Ես առաջարկում էի այդ կարգի վերանայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին «Ելքի» շրջանակում բերել էր այդ նախագիծը, սակայն այն ժամանակ մերժվել էր: Վերջերս մենք կրկին ներկայացրինք, մի կերպ առաջին ընթերցումն անցավ ու հիմա փաստորեն հանձնաժողի նիստում մերժվեց»,-ասաց Տարոն Սիմոնյանը:
Նա նշում է, որ իրենք առաջարկել էին, որ քննիչը չի կարող նշված ցանկի մարդկանց` վարչապետ, ՍԴ նախագահ, պատգամավոր, արգելել տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձին, եթե նա այդ գործով վկա չէ կամ կաշկանդված չէ որևէ այլ հանգամանքով, ինչը սակայն մերժվել է:
«Իհարկե, կառավարությունն առաջին ընթերցման ժամանակ էլ էր դեմ, բայց մեզ հաջողվեց առաջին ընթերցումն անցկացնել: Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունն ինքը առաջարկ էր բերել, որը մեր կարծիքով` ընդունելի չէր: Իմքայլական մեր գործընկերը ևս առաջարկ էր ներկայացրել: Ես ընդունեցի նրա առաջարկը, բայց մերժեցի կառավարությանը, և արդյունքը եղավ այն, որ հանձնաժողովը մերժեց նախագիծը»,-նշեց Տարոն Սիմոնյանը:
Որպես մերժման պատճառ` պատգամավորը նշեց այն, որ թերևս քանի որ ինքը մերժել է կառավարության առաջարկը, հանձանաժողովն էլ մերժել է իր նախագիծը:
Մեր հարցին, թե ինչ էր առաջարկում կառավարությունը, պատգամավորը պատասխանեց, որ գործադիրն առաջարկում էր տեսակցության 3 ռեժիմ:
«Մի դեպքում տեսակցությունն անսահմանափակ էր, եթե արգելանք չկար: Եթե կար արգելանք, ձերբակալված կամ կալանավորված անձին պատգամավորը կարող էր տեսակցել, բայց միայն քրեակատարողական հիմնարկի պետի ներկայությամբ, մյուսն էլ, որ եթե պատգամավորը ցանկանում է շփվել տվյալ անձի հետ, պետք է դիմում ներկայացնի և թույլտվություն ստանալու պարագայում նոր իրացնի իր ցանկությունը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ինքը տրամաբանական չի համարում այն, որ պատգամավորը պետք է քննիչից թույլտվություն վերցնի:
Ինչևէ, ԱԺ լիագումար նիստի ընթացքում, իհարկե, պարզ կդառնա՝ ի վերջո, կանցնի՞ այն 2-րդ ընթերցում թե՞ոչ, սակայն այստեղ արժե հիշել 2016թ. տեղի ունեցած մի դրվագ, ինչը 168.am-ը ևս մեկ անգամ հիշել էր այն ժամանակ, երբ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեցին, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) վարչակազմը թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Ընդամենը կատարվել էր օրենքի պահանջը: Կա արգելանք, հնարավոր չէ տեսակցություն: Եվ հենց սա են ցանկանում փոխել Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծով, որ պատգամավորին այդ արգելանքը չկաշկանդի:
2016թ.` Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, «Ելք» դաշինքի այն ժամանակվա պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փորձել էին այցելել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, «Սասնա ծռեր» շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սէֆիլյանին: Նրանց թույլ չէին տվել տեսակցել Սեֆիլյանին, ինչը մեծ աղմուկի պատճառ դարձավ:
2016թ. օգոստոսի 1-ին այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվեց ՔԿՎ ղեկավարության կողմից։ ՔԿՀ էի այցելել՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում՝ արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ»:
Փաստորեն գործադիրը հիմա էլ է դեմ, որ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու որևէ սահմանափակում պատգամավորների ու նշված ցանկի անձանց համար չլինի:
Տարոն Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ մյուս 3 մերժված նախագծերից մեկը Քաղաքացիական օրենսգրքի` երկաքաղաքացիներին վերաբերող դրույթում այն հանգամանքի ամրագրումն էր, որ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացու համար կիրառելի իրավունքը ՀՀ իրավունքը լինի, ինչը նույնպես չի ընդունվել:
Ի դեպ, այս նախագծին կառավարությունը կողմ է արտահայտվել, մերժել են պատգամավորները:
Երկրորդ նախագիծը վերաբերել է կտակի հետ կապված հարցին: Տարոն Սիմոնյանի առաջարկը եղել է այն, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ այս կամ այն կերպ տարածվի ՀՀ իրավունքը, եթե ինքը չի ընտրել իր վերջին բնակության վայրի իրավունքը: Սա նույնպես մերժվել է պատգամավորների կողմից:
Երրորդ մերժված նախագիծը Ընտանեկան ու Քաղաքացիական օրենսգրքերի հարաբերակցությանն է վերաբերել: Խոսքը անչափահասի կողմից երեխա ունենալու դեպքում իր ծնողական իրավունքների լրիվ իրացման մասին է` ի օգուտ երեխայի լավագույն շահի: Դրա համար անձը պետք է գործունակ լինի, և Տարոն Սիմոնյանն առաջարկել է, որ անձը երեխա ունենալուց հետո, երբ հասնի ամուսնական տարիքին` 16 տարեկանին, ավտոմատ ձեռք բերի գործունակություն: Այս նախագիծը նույնպես մերժվել է:
Ի դեպ, հենց այս նախագծի քննարկման շրջանակներում է իշխող ուժի պատգամավոր Արթուր Դավթյանը հարցրել.«Անչափահասի ծնող ասելով երեխայի հորն ու մո՞րը նկատի ունեք», ինչը հարուցել էր անգամ իր թիմակիցների ծիծաղը:
Վերջում Տարոն Սիմոնյանը նշեց, որ ինքը 3 նախագծերն էլ ԵՊՀ իրավաբան-գիտնականների հետ քննարկման արդյունքում է ներկայացրել, սակայն իրենց գործընկերները համարել են, որ դա այդքան էլ կարևոր չէ փաստորեն: