«Շատանում է ներքին լարվածությունը, այդ թվում՝ իշխանության նկատմամբ». Հարություն Մեսրոբյան
Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում հակաճգնաժամային կառավարման մասին 168.am-ը զրուցել է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանի հետ:
– Պրն Մեսրոբյան, Ձեր գնահատմամբ՝ Հայաստանում հակաճգնաժամային կառավարում իրականացվո՞ւմ է:
– Ոչ, չի իրականացվում:
– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի հակաճգնաժամային կառավարումը։
– Հակաճգնաժամային կառավարումը միշտ պետք է ունենա թիրախների հաջորդականություն՝ կարևորության իմաստով: Հիմա մենք այն կետում ենք, որ պետք է մտածենք երկու կարևոր խնդիրների մասին՝ ժողովրդի հոգեբանական և ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումն օր առաջ զգալի մեղմելու մասին: Այ դրա ուղղությամբ ի՞նչ է արվում: Ոչ մի բան:
– Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրեր է իրականացնում:
– Ծրագրերի մասին չի խոսքը: Ի՞նչ է արվում: Ոչ թե բառեր, ծրագրեր, այլ՝ քայլեր: Հակաճգնաժամային կառավարումը շատ թիրախային է: Այդ հարցին չի կարելի պատասխանել, ասել՝ ծրագրեր ենք անում: Ես ասում եմ՝ ժողովրդի հոգեբանական և ֆինանսական վիճակների լրջագույն վատթարացում է տեղի ունենում:
Հոգեբանական վատթարացման դեմ ուղղված ի՞նչ քայլեր են իրականացվում: Մեկն ասեք: Ես չգիտեմ այդպիսի քայլեր: Դրա համար եմ ասում՝ կոնկրետ ոչինչ չի արվում:
Ֆինանսականը որոշ չափով արվում է, բայց շատ ընտրովի: Եվ մարդկանց մեծ զանգվածներ, որոնք իրոք կարիքավոր են, դուրս են մնացել այդ ծրագրերից: Իսկ նման խնդիրներն ունեն կումուլյատիվ էֆեկտ, այսինքն՝ իրենք կուտակվում են:
Իմ հարցրազրույցներից մեկում առաջարկել եմ, որ հոգեբանական հատուկ բրիգադներ ստեղծվեն: Այդ բրիգադների հոգեբանները պետք է աշխատեն՝ ինչպես ԶԼՄ-ների միջոցով, այնպես էլ՝ խմբային և անհատական ռեժիմներով: Էլ չեմ ասում, որ ԶԼՄ-ներով գիշեր ու ցերեկ պետք է պրոֆեսիոնալ վերլուծեն վիճակը և մասնագիտական խորհուրդներ տան բժիշկները:
Կարճ ասած՝ ե՞րբ ենք հասկանալու, որ ամեն հարցում պետք է կանաչ լույս վառել տվյալ ոլորտի պրոֆեսիոնալների առաջ:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ասաց, որ պարետատան հետ երկօրյա խորհրդակցություններ իրականացնելուց հետո որոշել են վարակի հետագա տարածումը կանխելու համար ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը:
– Ես մարդկանց խոսքերը չեմ վերլուծում: Ես իրավիճակն եմ ներկայացնում:Այս պահին թիվ մեկ խնդիրը հոգեբանական և ֆինանսական վիճակի վատթարացման կանխարգելմանն ուղղված քայլերն են: Պարզեցինք, որ առաջինն ընդհանրապես չի արվում, էլ ի՞նչ կապ ունեն խոսքերը:
Անգամ սոցցանցերից բոլորս տեսնում ենք, որ շատանում է ներքին լարվածությունը, այդ թվում՝ ներկա իշխանությունների նկատմամբ: Դա հոգեբանական խնդիրների անտեսման հետևանքն է: Եվ երբ խոսում ենք երկարացնելու մասին, ու առաջին խնդիրը չի լուծվում, ուրեմն հակաճգնաժամային կառավարում չի իրականացվում:
Ստեղծված վիճակը, գլոբալ առումով, ունի լուրջ պատճառ՝ Հայաստանում 1991 թվականից դասական իմաստով պետական կառավարման երևույթ գոյություն չունի:
– Դուք ի՞նչ քայլեր կառաջարկեք:
– Ես ԶԼՄ-ների միջոցով բազմիցս տարբեր առաջարկություններ, քայլերի տեսքով, արել եմ: Թող գնան, կարդան, անեն: Չեն կարդում, չեն անում՝ ի՞նչ ասեմ:
Հակաճգնաժամային կառավարումը գիտություն է: Ես, օրինակ, այն ոլորտներից, որոնց մեջ մասնագետ չեմ, չեմ խոսում: 1991 թվականից մեզ մոտ գրեթե չկան կառավարման մասնագետներ, բայց տեսեք, թե քանի մարդ է ուզում երկիրը կառավարել: Նորմա՞լ է դա: Ես որ ուզենամ՝ կտավ նկարեմ կամ երաժշտություն գրեմ և իմ «ստեղծագործությունները» մարդկանց համառորեն հրամցնեմ, նորմա՞լ է դա: Նորմալ չի, բայց ամբողջ ժողովրդով մենք խաղում ենք այդ աննորմալ խաղը՝ չիմանալով կառավարումը, 30 տարի այն համառորեն հրամցնում ենք:
Կառավարումից մղոններով հեռու մարդիկ 1991 թվականից տարբեր ոլորտների կառավարողներ են: Նորմա՞լ է դա:
– Դուք ճգնաժամի դեմ համակարգված պայքարելուն միտված քայլերի մասին խոսելով՝ նշել էիք նորագույն Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներից ու վարչապետներից կազմված հակաճգնաժամային խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին: Կարծում եք՝ իշխանությունը կհետևի՞ այդ առաջարկին:
– Ես ոչ միայն այդ առաջարկությունն արեցի, այլ նաև 3 խնդիր մատնանշեցի, ինչով, առաջին հերթին, պետք է զբաղվի այդ խորհուրդը:
Բայց անգամ Աստված, երբ առաջարկում է, չի պարտադրում՝ կամարտահայտման հնարավորություն է տալիս: Ես Աստծուց հաստատ ուժեղ չեմ: Ես չեմ կարող և՛ առաջարկել, և՛ ստիպել, որ անեն: