«Ջանքը, որը թափում են ուսուցիչները և ծնողները, չենք կարող ասել, որ անարդյունք է, սակայն այս ամենը հնարավոր չէ շատ երկար շարունակել». Սոֆյա Հովսեփյանը՝ հեռավար կրթության մասին
«Հեռավար կրթության հետ կապված, իհարկե, խնդիրները շատ են, և տրամաբանական է, որ խնդիրներ պետք է լինեին, քանի որ հանրապետությունը սովոր չէր հեռավար կրթության: Մենք ընդամենը նոր էինք ընդունել հեռավար կրթության, այն էլ՝ բացառիկ դեպքերի սահմանման կարգով օրենքը, և արդեն ստիպված էինք այն շատ արագ կիրառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հեռավար կրթության վերաբերյալ գործընթացին և դրա հետ կապված խնդիրներին:
Թվարկելով խնդիրները՝ պատգամավորը նախ՝ առանձնացրեց ուսուցիչների պատրաստվածությունը, քանի որ կան ուսուցիչներ, որոնք, որքան էլ տեղյակ են համակարգչից, այդուհանդերձ չկա անհրաժեշտ մեդիագրագիտությունն ու տեղեկացվածությունը, աշակերտներից շատերը ևս չունեն մեդիագրագիտություն, ուստի միայն Ֆեյսբուք մտնելով՝ չեն կարող խոսել հեռավար կրթության մասին:
Համակարգիչների, հեռախոսների և կապի այլ միջոցների ապահովման խնդիրներ կան, քանի որ կան բազմազավակ ընտանիքներ, որտեղ, օրինակ, 5 դպրոցական երեխա կա և ընդամենը մեկ համակարգիչ, մեկ հեռախոս կամ, լավագույն դեպքում, երկու հեռախոս: Կան ընտանիքներ էլ, որոնք ունեն մեկ հեռախոս, այս դեպքում արդեն անհասկանալի է, թե ի՞նչ պետք է անեն: Այսինքն՝ մեկ երեխան պետք է հեռավար կրթության մեջ կոնտակտներ ունենա, իսկ մյուս երեխաներն ընդամենը տնային առաջադրանք ստանան և որևէ խոսք չլսեն:
«Նախարարությունը, այսպես ասած, շատ հրատապ լուծումների գնաց, ինչը, ի դեպ, դրական փոփոխություն էր այս ընթացքում՝ կապված Հանրային հեռուստաընկերության եթերով մանկական ծրագրերի հեռարձակմամբ: Հույս ունեմ, որ հետագայում այս հաղորդումները կպահպանվեն, իհարկե, ժամերի փոփոխությամբ, և աշակերտները դասերից հետո, սերիալների կամ այլ հաղորդումների փոխարեն, դրանք կնայեն, ինչը մրցակցային կդառնա նաև մյուս հեռուստաընկերությունների համար, որոնք անորակ սերիալների փոխարեն՝ բազմաբնույթ որակյալ հաղորդումներ կցուցադրեն:
Շատ դրական էր այն հանգամանքը, որ միանգամից մոբիլիզացվեց, և մի շարք կառույցներ փորձեցին լուծել համակարգիչների, տեխնիկայի հարցը, իհարկե, մեծ բաց կա, բայց այս պահին փուլ առ փուլ լուծվում է այդ հարցը: Օրինակ, 150 համակարգիչ արդեն ուղարկել են Շիրակի մարզ, 80-ը՝ Տավուշ, և այլն:
Նախարարությունը շարունակում է համակարգիչներ հավաքագրել և ուղարկել: Բայց իմ պատկերացմամբ՝ հեռավար կրթությունը բոլորովին այլ է, այսինքն՝ պետք է լինի նաև կենդանի շփման հնարավորությամբ, նախ՝ հեռավար կրթությունը պետք է լինի դասավանդվող առարկաների մեջ, և, երբ համայնքում կա տվյալ առարկայի բացը՝ ժամանակավոր կամ մշտական, պետք է անպայման լինի ուղեկցող ուսուցիչ, ով դժվարությունների դեպքում երեխաների հարցերը կբարձրացնի, և երկրորդը՝ եթե կարող է՝ կպատասխանի»,- շեշտեց նա:
Նրա դիտարկմամբ, այն, ինչ այսօր արվում է հեռավար կրթության առումով, ոչ թե արդյունավետ չէ, այլ լավագույն հնարավորությունն էր այս պահին հարցը լուծելու, քանի որ նման ճգնաժամի մեջ հայտնվել և փորձել արագ լուծումներ գտնել՝ այդքան էլ հեշտ չէ: Ուսուցիչներն իրենց տեղում են հնարավոր ամեն ջանք ներդնում, որովհետև ուսուցիչ կա՝ ունի մեկ հեռախոս, կամ գիտի, որ կա աշակերտ, որն ունի մեկ հեռախոս, նստում, գրում է դասը և ուղարկում է:
«Այն ջանքը, որը թափում են ուսուցիչները և ծնողները, չենք կարող ասել, որ անարդյունք է, սակայն այս ամենը հնարավոր չէ շատ երկար շարունակել, պարզապես այն զուտ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն էր, եթե հետագայում, կամ, օրինակ՝ հենց սեպտեմբերին մեզ անհրաժեշտ լինի հեռավար կրթություն իրականացնել որևէ գյուղում, մենք այլևս չենք կարող այս նույն որակով ու ձևով անել, կարգ է մշակվելու, և մինչև սեպտեմբեր հեռավար կրթությունը բոլորովին այլ կարգով կլինի»,- հավելեց պատգամավորը:
Սոֆյա Հովսեփյանը նաև նշեց, որ հեռավար կրթության մեջ, թերևս, ամենաթիրախայինն այս պահին, բացի սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներից, համարվում են նաև այն երեխաները, որոնք ունեն լրացուցիչ աջակցության կարիք, և տարբեր պատճառներով դասապրոցեսին կա՛մ չեն մասնակցում, կա՛մ մասնակի են մասնակցում:
«ԿԱՊԿՈՒ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները, որոնց մեծ մասը չի մասնակցում դասապրոցեսին, միայն որոշ տեղերում, իհարկե, կրկին ոչ ամբողջական, դպրոցի բազմամասնագիտական խմբի անդամները, հոգեբան, հատուկ մանկավարժ, եթե ծնողը ժամանակ է գտնում կամ ցանկություն է ունենում երեխայի հետ նստելու, ապա հեռավար կերպով զարգացման աշխատանքներ են կատարվում: Այսինքն՝ այս հարցն այս պահին բաց է, և նոր կարգը, որը մինչև սեպտեմբերի 1-ը պետք է կազմված լինի, հարցն այնտեղ իր տեղն ունի, եթե հետագայում կազմակերպվի հեռավար կրթությունը, պետք է անպայման ներառականությունը հաշվի առնվի»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ այս պահին հարցի հետ կապված մինիմալը, որը հնարավոր է իրականացնել, այն է, որ նախ՝ այն երեխաները, որոնք չունեն խնդիր կամ ավելի մեծ հետաքրքրություն ունեն համակարգչի նկատմամբ, նրանց առավելագույնը պետք է ընդգրկեն դասապրոցեսում: Երկրորդը՝ ծնողների ներգրավվածությունն ապահովելն է, և այն երեխաները, որոնք, օրինակ, երկար ժամանակահատվածում նստելու դժվարություն ունեն, ապա նրա մասնակցությունը գոնե ապահովեն և նրա համար ուսուցիչը տա անհատական դասեր, աշխատանքներ:
«Ցավոք, կան երեխաներ, որոնք դուրս կմնան այս բոլոր գործընթացներից, քանի որ նրանց պետք են ժեստեր, և այստեղ դժվարություններ կան, օրինակ, խուլ երեխաների դեպքում՝ չգիտեմ՝ դասընթաց արվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե՝ ոչ, ապա երեխաները դուրս կմնան: Նույնը նաև տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաների դեպքում է. արդյո՞ք ամեն ինչ հարմարեցված է այնպես, որ երեխաները կարողանան գրել կամ կարդալ: Օրինակ՝ հիպերակտիվություն ունեցող երեխաներն այդքան երկար ժամանակ չեն կարողանա նստել: Յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունը պետք է կարողանալ հաշվի առնել հեռավար կրթության կազմակերպման դեպքում»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը: