Աշխատանքային գրքույկները թվայնացման ներկայացրած քաղաքացիները ե՞րբ կարող են ստանալ դրանք
ՀՀ քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներրկայացնելու համար Կառավարության կողմից ժամկետ էր սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:
Եվ քաղաքացիներից շատերը, ովքեր պարտաճանաչ կերպով մինչև նշված ժամկետի ավարտն իրենց բնակության վայր կամ իրենց հարմար Սոցապծառայության տարածքային որևէ բաժին էին ներկայացրել աշխատանքային գրքույկները, 168.am-ի խմբագրություն էին զանգահարել՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ կապ չեն հաստատում իրենց հետ, որպեսզի գնան և արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները հետ վերցնեն, չէ՞ որ անցել է սահմանված երեք ամիս ժամանակահատվածը։
Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության բաժնից 168.am-ին հայտնեցին, որ թվայնացված աշխատանքային գրքույկները հնարավոր կլինի ստանալ երկրում հաստատված արտակարգ դրությունից հետո, և քաղաքացիների հետ կապ չհաստատելու հիմքում նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն է, աշխատում են նվազագույնի հասցնել միմյանց հետ շփումը։
Հիշեցնենք, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունն աշխատանքային հարաբերություններում: Գործատուն, կառավարության սահմանած կարգով, 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:
Հավելենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները։