«Լայնածավալ զորավարժություն չէ, բայց քաղաքական նպատակի դեպքում Ադրբեջանը կարող է ժամերի ընթացքում 180 աստիճան փոխել իրավիճակը». վերլուծաբան
Համացանցում տեղեկություն շրջանառվեց, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում, արդեն 3-4 օր է, զորավարժություններ են անցկացնում։
Ըստ նշված տեղեկության` եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։ Ավելին, այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։
168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասաց, որ՝ դատելով առկա հասանելի տեղեկատվությունից` թե՛ պաշտոնական, և թե՛ ոչ պաշտոնական, և դրանց վերլուծությունից, ենթադրում է, որ ներկա պահին խոսքը պարբերաբար անցկացվող, իրարից տարբեր` և՛ ժամանակի, և՛ տեղի առումով, միջոցառումների մասին է: Այս պահին արտառոց բան ես չեմ նկատում: Լայնածավալ զորավարժության տպավորություն կարող է ստեղծվել, բայց լայնածավալ չէ:
Ինչ վերաբերում է առաջնագծին մոտ թռիչքներին, ապա նման բան հայտնի չէ: Իհարկե, Ադրբեջանի ՊՆ-ն տվել է, որ ուսումնական թռիչքներ են կատարել, իսկ նման բաներ պարբերաբար են արվում: «Սմերչի» կիրառման մասով կարող եմ ասել, որ վերջին օրերին ինձ «Սմերչի» ներգրավման միայն մեկ դեպք է հայտնի՝ Նախիջևանում: Դա մոտ մեկ շաբաթ առաջ էր, ինչը, ըստ էության, մշտական տեղակայման վայրից օպերատիվ շրջան տեղափոխելու վարժանք էր: Նման բաներ համեմատաբար պարբերաբար են անում»,- նշեց Խաչիկյանը:
Միաժամանակ, «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբանը շեշտեց, որ սա չի նշանակում, թե քաղաքական նպատակ ունենալու դեպքում ադրբեջանական կողմը չի կարող իրավիճակը ժամերի ընթացքում 180 աստիճան փոխել ու սրել: