Բաժիններ՝

ՍԱՏՄ աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել «Ծովագյուղ» և «Գնթունիկ» սուպերմարկետ-ֆուդկորտերում, խախտումները վերացվել են

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ՝ մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները Հայաստանի որոշ մարզերում իրականացրել են շրջայցեր՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով:

«Մարտի 27-ին և  28-ին մշտադիտարկումներ են իրականացրել նաև հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական արտադրության 18 շուկաներում: Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում: Այցելուների քանակն էլ նկատելիորեն պակասել է»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը՝ հավելելով, որ անհամապատասխանությունների դեպքում տրվել են հանձնարարականներ, որոնք տեղում կատարվել են:

Գ. Ավետիսյանը նաև հայտնեց, որ երեկ տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիկ» սուպերմարկետ-ֆուդկորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ: Ավետիսյանը վստահեցրեց, որ ՍԱՏՄ մասնագետների ցուցումներով հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում:

Հանրային սննդի օբյեկտների, սննամթերի իրացման կետերում խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը փորձում է այս ժամակահատվածում տուգանքներ չկիրառել:

«Միակ տուգանքը, այսպես կոչված, որ կիրառում ենք, դա աշխատանքի գործունեության կասեցումն է: Այս ընթացքում եղել է մեկ դեմք, որ կասեցրել ենք գործունեությունը, մինչև մեր բոլոր ցուցումները կիրականացվեն, և խախտումները կվերացվեն»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:

Տուգանքների փոխարեն՝ տնտեսվարողներին հորդորում են որոշակի փոփոխություններ կատարել, կասեցնում են գործունեությունը և  այդ մասին հրապարակումներ տարածում:

«Մեր լավագույն գործիքներից մեկը դա հանրային իրազեկումն է, և հավատացեք՝ բոլոր տնտեսվարողներն ավելի շատ վախենում են նրանից, որ մենք կասենք, որ այս կամ այն տնտեսվարողը խնդիրներ ունի, քան, որ իրենց տուգանենք մեր մաքսիմալ 300.000 դրամով»,- հավելեց ՍԱՏՄ ղեկավարը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին  մարտ ամսվա ընթացքում ստացվել է 62 ահազանգ, իսկ ապրիլի առաջին յոթ օրերի ընթացքում՝ 18: Դրանք վերաբերել են թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներին, թե՛ անորակ մթերքի, խախտումներով վաճառքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս