«Արցախում առկա է քաղաքական ճգնաժամ». Արսեն Խառատյան

Արցախի նախագահի ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 14 թեկնածու, եղել է շատ ակտիվ քարոզարշավ կամ ընտրարշավ, ավելին՝ Արցախի դեպքում, կարելի է ասել, որ շատ մեծ գումարներ են ծախսվել, ինչը, իրականում, ունիկալ իրավիճակ է: Իսկ այդ մեծ գումարները կարելի էր տեսնել հսկա պոստերների, նախընտրական հոլովակների միջոցով: Սակայն եղել են նաև շատ բարեգործություններ, և սա միայն մեկ թեկնածուի` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Արցախ.ընտրությունների երկրորդ փո՞ւլ, թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ» վերտառությամբ տեսաքննարկմանը հայտարարեց «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

«Թե որքանո՞վ սա կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, ես չգիտեմ, բայց փաստն այն է, որ թեկնածուներից շատերը և այն մարդիկ, որոնք երեկ դուրս էին եկել փողոց, ինչը ևս աննախադեպ երևույթ է Արցախի 30 տարվա պատմության մեջ, վկայում էին, որ բազմաթիվ խնդիրներ են եղել և՛ նախքան ընտրությունների օրը, և՛ քվեարկության օրը: Եվ երեկ Ստեփանակերտի փողոցներից մեկը փակած մարդկանցից մեկն ասում էր, որ այս ընտրությունները չեն համարելու լեգիտիմ, և, որ իրենք շարունակելու են փողոցներում արտահայտել իրենց անհամաձայնությունը:

Մասիս Մայիլյանը, փաստացի, ինչպես տեսանք, բոյկոտի կոչ արեց և իր կողմնակիցներին խնդրեց նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Եվ հիմա պարզ չէ, թե 2-րդ փուլում ինչ կարող է տեղի ունենալ, քանի որ, Արցախի օրենքներով, սահմանադրությամբ՝ այն պետք է կայանա ապրիլի 14-ին` առաջին փուլի օրվանից 2 շաբաթ անց: Պարզ չէ դեռ, թե ինչ քվեաթերթիկներ կլինեն` տեղ կգտնեն Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի անուննե՞րը, թե՞ միայն Արայիկ Հարությունյանի, եթե Մասիս Մայիլյանը բոյկոտում է»,- նշեց Խառատյանը` պնդելով, որ Արցախում առկա է քաղաքական ճգնաժամ:

Տեսանյութեր

Լրահոս