«Եթե մարդը սոցցանցում աննպատակ դեգերում է, մի օր կսկսի հետևել ընդդիմադիր գրառումներին ու հնարավոր է՝ տեսնի ամբողջ ճշմարտությունը». Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Դեռևս մարտի 20-ից նկատել էի, որ իշխանական ֆեյքերի ֆաբրիկան արտակարգ դրության ժամանակ վերապրոֆիլավորվել է անեկդոտներ, «LUR JPTAC U MAHACAV» վերջաբանով գռեհիկ պատմություններ տարածելուն: Ընդ որում, այդ ապուշությունները համացանցում տիրաժավորելու վրա ծախսվում էր բավական լուրջ գովազդային ռեսուրս: Մի քանի օր անց հասկացա, որ իշխանությունը, վախենալով սոցիալական ծանր վիճակում հայտնված հպարտ քաղաքացիների դժգոհությունից, որոշել է ապահովել տեսարանները:
Հիշեցնեմ, որ գործող իշխանության հմուտ կառավարման արդյունքում կորոնավիրուսը լոքոստեր չվերթով ներթափանցեց հպաաաարտ Հայաստան և հանրաքվեի չդադարեցվող քարոզարշավի պայմաններում լայն տարածում գտավ, բայց սրա մասին մանրամասն կխոսենք ավելի ուշ՝ արտակարգ դրությունից հետո:
Մի խոսքով հպարտ, բայց պարգևավճարներ չստացող քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ, մարդկանց մոտ լարվածությունը մեծանում է, մարդիկ օրերով ու գիշերներով ապրում են սոցցանցերում՝ այս ծանր իրավիճակից ելք գտնելու հույսով, ու այստեղ հանկարծ, լրիվ «պատահականորեն», միանգամայն «միամիտ» հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին:
Ջոնին միանգամից մի քանի հարց է լուծում.
1. Մարդիկ սկսում են համեմատել իրենց կենցաղը Ջոնիի կենցաղի հետ ու թեթևացած շունչ են քաշում: Պարզվում է՝ կան մարդիկ ովքեր ավելի վատ են ապրում:
2. Այդ վատ ապրող մարդը՝ Ջոնին, զարմանալիորեն ուրախ է: Էլ ի՞նչ պատճառ ունի սովորական մարդը՝ տխրելու և դեպրեսիայի մեջ հայտնվելու, եթե Ջոնին կարող է ուրախ լինել:
3. Սոցցանցերում մարդկանց զբաղմունքի հարցը: Ճգնաժամի օրերին պարապ օգտատերը շատ վտանգավոր է: Եթե մարդը կոնկրետ զբաղմունք չունի սոցցանցում և աննպատակ դեգերում է, մի օր անպայման կսկսի հետևել ընդդիմադիր գրառումներին ու հնարավոր է՝ նույնիսկ մի օր էլ աչքերը բացվի ու տեսնի ամբողջ ճշմարտությունը: Ջոնին բոլոր ակտիվներին հավաքում է իր էջում՝ ընդ որում, օգտատերերից մեկը, որպես համեմատություն, նշել էր, որ Ջոնիի էջում հավաքվել էին ռեստարտականներն ու Մալյան Նարեկը, այսինքն՝ նույնիսկ սուր և անհամատեղելի հակադրության մեջ գտնվող մարդիկ միաժամանակ հավաքվել էին Բրջոնիի էջում:
Ջոնի Բրջոնի էջը պրոֆեսիոնալ կարգավորումներ ունեցող էջ է: Այն, որ պարզամիտ ու սահմանափակ մտահորիզոնով տղան ինքնաբուխ եթերներ է մտնում և իր խարիզմայով գրավում է դիտողին՝ առասպել է:
1. Էջ վարողները հստակ հաշվարկել են Ֆեյսբուքի, այսպես կոչված, «prime time»-ը: Դա այն ժամանակն է, երբ ՖԲ օգտատերերը առավել շատ են օնլայն կարգավիճակում:
2. Պարզամիտ տղան ուղղակի չէր կարող գլխի ընկնել անոնս նկարահանելու մարկետինգային անհրաժեշտության մասին:
3. Ջոնիի հետ միշտ առկա է առնվազն ևս 2 անձ, ովքեր, չգիտես՝ ինչու, թաքնվում են և չեն երևում (տես՝ կորոնավիրուսի հոլովակը):
4. Ջոնին սկսեց սոցիալական հոլովակներ նկարահանել կորոնավիրուսի դեմ հայկական պայքարի մասին: Այս քայլով բացահայտվում է պրոյեկտի բուն թիրախը՝ պանդեմիայի ժամանակ սոցիալիզացիան:
Այս տեխնոլոգիան մարդկության չափ հին է, երբ իշխանութուններն իրենց և ժողովրդի միջև որպես միջնորդ ընտրում են ծաղրածուին: Սրա մասին նկարագրված է Շեքսպիրի «Լիր արքա» ստեղծագործության մեջ, երբ ամենածանր պահերին և ամենալուրջ իրավիճակներում արքայի միջնորդը դառնում է խեղկատակը:
ԴՈՒԽՈՎ»: