Պարետատան հետ կապ հաստատելու փաստահավաք խմբի փորձերը դեռ անարդյունք են

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Դրանից օրեր անց՝ մարտի 20-ին, իրավական, առողջապահական և լրատվական համայնքի ներկայացուցիչները ստեղծեցին փաստահավաք խումբ, որի նպատակը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում խախտումները բացահայտելը, արձանագրելն ու պարետատանը փոխանցելն էր:

Ստեղծվելուց հետո փաստահավաք խումբը բազմիցս ահազանգել է պարետատան հետ արդյունավետ կապ հաստատել չկարողանալու մասին:

168.am-ի հետ զրույցում  խմբի ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ մինչ օրս իրենց չի հաջողվում կապ հաստատել պարետատան հետ. Արձագանք չկա:

«Ցավոք սրտի, պարետատունը չի արձագանքել, մեզ չի տվել որևէ կապ հաստատելու արդյունավետ միջոց, դրա համար կապ չի հաստատվել: Հուսանք՝ կհաստատվի դեռ, հաշվի առնելով, որ երևի  կերկարացվի արտակարգ դրությունը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ չեն կարդում անգամ ֆեյսբուքյան էջով ուղարկված նամակները:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ չնայած այդ հանգամանքին՝ փաստահավաք խումբը շարունակում է աշխատել և բավականին մեծ քանակի դիմումներ են ստանում ու մշակում՝ նախապատրաստելով իրենց ապագա զեկույցը: Հրատապ հարցերի դեպքում նաև հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով:

Հետաքրքրվեցինք, թե կարող են  այս պահին հրապարակել, թե քաղաքացիները հիմնականում ինչ խնդիրների համար են իրենց դիմում:

«Հաշվի առնելով, որ արտակարգ դրության ռեժիմ է, ես՝ որպես իրավաբան, զերծ կմնամ հիմա հրապարակումներից: Անկախ ամեն ինչից՝ արտակարգ դրության ընթացքում պետք է պահպանել դրա ռեժիմը, և նաև մեր այն խոստումը, որ աշխատելու ենք զուտ պարետատան հետ և ինֆորմացիան փոխանցելու ենք իրենց: Հուսով եմ, որ մի օր կկարողանանք փոխանցել»,- զրույցը եզրափակելով՝ ասաց Տ. Աթանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս