
«Եթե սա պատերազմ է, ապա այս հրամանատարները պիտի դատվեն պատերազմական ժամանակի օրենքներով». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր է՝ իշխանությունները շրջանառում են «սա պատերազմ է, և ուրեմն պետք է համապատասխան քայլեր անել» թեզը։
Եթե պատերազմ է, ապա…
… նախ՝ արձանագրենք, որ մեր համար այն սկսվել է փետրվարի 19-ից, երբ Իրանը հայտնեց կորոնավիրուսով առաջին 2 վարակվածների մասին, ընդ որում երկուսն էլ ժամեր անց մահացան, այսինքն հիվանդացել էին շատ ավելի վաղ;
… նաև արձանագրենք, որ պատերազմը «մտավ մեր տուն» մարտի 1-ից;
… երրորդը՝ Հայաստանի իշխանությունները պատերազմի սկզբից դեռ 3 շաբաթ անց ձևացնում էին, որ ոչ մի պատերազմ էլ չկա;
… չորրորդը՝ պատերազմը սկսվել էր, իսկ Հայաստանի իշխանություններն արձակուրդ էին վերցնում՝ վարչապետը, փոխվարչապետը, տարածքային կառավարման նախարարը;
… հինգերորդը՝ պատերազմող երկրի ղեկավարն ու պատերազմի նախարարը (առողջապահության ոլորտ = ռազմի դաշտ) համոզում էին երկրի բնակիչներին, որ ոչ մի պատերազմ էլ չկա;
… վեցերորդը՝ պատերազմող երկրի ղեկավարն ուղիղ եթերում պատմում էր երկրի ռազմավարական պաշարների քանակների մասին;
… յոթերորդը՝ պատերազմող երկրի խորհրդարանում իշխանական պատգամավորներն ընդդիմությունից թաքուն նիստեր են հրավիրում և օրենքներ ընդունում։
Եթե սա պատերազմ է, ապա այս հրամանատարները պիտի դատվեն պատերազմական ժամանակի օրենքներով»: