Հայերենի թվային արժանապատվությունը պետք է վերականգնվի
Հարգելի հայրենակիցներ,
Ազգային արագացման հանրային նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ փորձում է վերացնել հայերենի թվային հետամնացությունը և փակելու այն խայտառակ էջը, որ արդեն երեք տասնամյակ շարունակ «գրվել» և, ցավոք սրտի, այսօր էլ «գրվում» է իշխանությունների, տարաբնույթ պատկան մարմինների, փքուն ու ձևական կազմակերպություններ֊հիմնադրամների հանցավոր անգործունեությամբ։
Հայերենի թվային արժանապատվությունը պետք է վերականգնվի։ Հակառակ դեպքում ոչ նախնիները, և ոչ էլ գալիք սերունդները մեզ չեն ների, որ քաղաքակրթական նոր (տեխնոլոգիական՝ «4֊րդ արդյունաբերական») փուլում մենք մեր լեզուն պահ ենք տվել փոշոտ պահարանում անկարողության ու աննպատակահարմարության պատճառաբանություններով։ Միթե՞ սա չէ պատճառը, որ Հայաստանում ձևավորվող նոր ոլորտները արմատազուրկ են և ոչ հայաստանակենտրոն, առաջին իսկ հնարավորության դեպքում նետվում են ծառայելու և սպասարկելու օտարերկրյա խաղացողներին կամ այն, որ տեղական շուկան թեկուզ իր համեստ ծավալներով չի դիտարկվում որպես ազգային տնտեսության ռազմավարական հենք, որը պետք է զերծ մնա արտաքին կախվածությունից։
Զարմանալի ոչինչ չկա, որ աշխարհին երկրորդական որակի՝ լաքեյական ծառայություններ մատուցելը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ։ Մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե որքան զավեշտալի են աշխարհներ և շուկաներ նվաճելու ամպագորգոռ հայտարարությունները, երբ Հայաստանում, կարելի է ասել, իսպառ բացակայում է սեփական՝ ազգային գործիքակազմը։
Համաճարակն այն սթափեցնող ամպրոպն էր, որ եկավ հաստատելու, թե որքան կարևոր են տեղական՝ ազգային համացանցը և թվային գործիքները անվտանգության ու տարրական կենսունակության ապահովման առումով։ Հարկադրված մեկուսացման պայմաններում նրանք հնարավորություն պետք է տրամադրեին կազմակերպելու աշխատանքային, ներառյալ ստեղծագործական գործունեություն, ուսում և ժամանց ։ Գլոբալացման թրենդը փոխարինվում է տեղայնական մեկուսացմամբ։ Անգամ, եթե հենց վաղը համաճարակը արմատապես արմատախիլ արվի, կանգ չեն առնի նոր տնտեսական և քաղաքական աշխարհակարգ ձևավորող տեկտոնիկ ցնցումները՝ պարտադրելով ժողովուրդներին համախմբած մնալ սեփական արդեն ազգային օջախների շուրջ։
Ցավոք, մենք ինքնուրույնաբար չհասցրեցինք վերջնական տեսքի բերել մեր տեղական՝ ազգային գործիքները։
Մեզ հասած թվային ժառանգությունը չափից ավելի ողորմելի դուրս եկավ սեփական ուժերով ավարտի հասցնելու գործիքների թվայնացումը։ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, ուր չկա բանավոր խոսքի ազգային կորպուս։
Ուստի դիմում ենք ձեզ օգնել մեզ համատեղ ուժերով վերջնական տեսքի բերել մեր թվային գործիքներն ազգային կորպուսի ձևավորման ճանապարհով։
Ամենից կարևորը դա խոսքի ճանաչումն (Automatic Speech Recognition ֊ ASR) է: Այն թույլ կտա ավտոմատիզացնել սոցիալական առօրյա հարաբերությունները պետական, տնտեսական, առևտրային, մշակութային և հանրային այլ կառույցների հետ բանավոր խոսքի միջոցով։
Այս պահին մեզ հաջողվել է հավաքել ընդամենը 28 ձայն համակարգի մշակման համար, որն անբավարար է հանրային կիրառման համար։ Այլ խոսքերով ասած ունիվերսալ չէ։ Մենք դեռևս կարիք ունեք 3 անգամ ավելի ձայների առնվազն 500֊600 ժամ տևողությամբ։ Տեսականորեն մենք կարող ենք հատ առ հատ զտել ձայներ բաց աղբյուրներից (օրինակի համար youtube-ից) և կազմել ձայնային կորպուսներ (ձայնագրություն + բնօրինակ տեքստ), սակայն ներկա տեմպերով այն ամիսներ կպահանջի, որի ժամանակը մենք չունենք այս վիճակում։
Զանգվածային կիրառության ASR-ի մշակումը և գործարկումը մեզ հնարավորություն կտա շատ արագ և կարևորն ինքնուրույնաբար հարստացնել արհեստական ձայների դարանը, որը ոչ միայն մեքենայական սարքերի հետ հաղորդակցության երկրորդ՝ հակադարձ ուղղու միջոց է, այլև կրթության և մշակույթի նոր ձևերի առանցքային գործիք մեր տեխնոլոգիական դարում։ Մանրասները կարդացեք մեր էջի գրառումներում։
Ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել մեր կայք, ընտրել տեքստ և ձայնագրել այն ձեր համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ։ Միջինը կպահանջվի 15֊20 րոպե։ Եթե ինչ֊ինչ պատճառներով չկարողանաք կամ չհասցնենք ձայնագրել մեկ սեանսի ընթացքում, դու կարող եք անել ավելի ուշ։ Համակարգը ձեզ «կճանաչի»։ Նա նաև կպահպանի բոլոր այն մասնակի կամ ամբողջական ձայնագրությունները, որոնք դուք կարողացել եք վերբեռնել (upload) նախորդ սեանսների ժամանակ։
Ողջունվում են բոլոր տեսակ ձայները, քանի որ դա կապահովի կիրառման լիարժեք ունիվերսալիություն։
Անհրաժեշտ ենք գտնում շեշտել, որ սա հանրային/քաղաքացիական նախաձեռնություն է զուտ ազգային կտրվածքով։ Այն ծնունդ է առել, քանի որ մեր երկրի անցյալի և ներկայի ձևական կառույցները անտեսել են մեր հանրությանը նախապատրաստելու բոլորիս դուռը թակող թվային ժամանակաշրջանին։
Մասնակցելով մեր նախաձեռնությանը դուք ձեր արժեքավոր ներդրումը կանեք ազգային կորպուսի կերտման մեջ, իսկ մենք պարտավորվում ենք անուն առ անուն գրանցել մասնակիցներին ազգային կորպուսի հեղինակների ցուցակում։
Հասկանում ենք, որ տհաճ է գիտակցել այն փաստը, որ «առոք֊փառոք» գործող կառույցների պարագայում հանրությունն ինքն ստիպված է զբաղվել նման կարևոր խնդիրներով, սակայն հետադարձ հայացք գցելով նորագույն պատմությանը, մենք կտեսնենք, որ գրեթե բոլոր նշանակալից և արժանավայել գործողությունները արվել են հանրային նախաձեռնությամբ՝ չսպասելով այսպես կոչված «պաշտոնական կառավարիչների» որոշումներին։ Այդպես ձեռք բերվեց հաղթանակն Արցախում, իրականացվեցին փրկարարական և վերականգնողական ամենաէական աշխատանքները երկրաշարժի գոտում, իսկ մեր ժամանակներում հանրային խմբերի նախաձեռնությամբ կասեցվեց ապրիլյան հարձակումը և հիմք դրվեց տեղական ռազմարդյունաբերությանը։
Այնպես որ բյուրոկրատական վերնախավերի ապիկարությունն ու անկարողությունը քննադատելու փոխարեն ավելի լավ է անել գործ, որը դուք գտնում եք անհրաժեշտ և օգտակար հենց այսօր, հենց այս պահին․
Առավել ևս դա մի լավ հնարավորություն է առնչվելու գեղեցիկի և մնայունի հետ մեր այս փոթորկոտ ժամանակներում, որը ձեզ թույլ կտա կառչել այն հիմնավոր արժեքներից, խոր բնափիլիսոփայությունից, որոնք պահպանել են մեր տեսակը հազարամյակներ շարունակ։
Ձեր ընտրությանն է ներկայացվում մաքուր և գրագետ հայերենով գրական նյութերի և հրապարակումների մեծ տեսականի։
Նախապես շնորհակալ ենք և ակնկալում են ակտիվ մասնակցություն։
Ազգային արագացման հանրային նախաձեռնություն