Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել կորոնավիրուսային հիվանդությունը

Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունը, որը ստացել է 2019-nCOV կամ Covid-19 անվանումը, դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ 2019 թվականի դեկտեմբեր ամսին հայտնաբերված վիրուսային այս հիվանդության ախտանշանների, հիվանդության հետագա զարգացման մասին անընդհատ խոսում են, մինչև այս առումով ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։

Հայտնի է, որ մասնագետները կորոնավիրուսի տարածումը նմանեցնում են SARS-CoV վիրուսի բռնկմանը, որը տեղի ունեցավ 2002 թվականի նոյեմբերին, և գենետիկները համարում են, որ այս երկու տեսակի վիրուսների գենետիկ կոդերի 80%-ը նույնական է։

Արևմտյան համաճարակաբանների խոսքով, կորոնավիրուսը SARS-CoV-ի տեսակ է՝ ավելի ցածր մահաբերության ցուցիչով և ավելի հեշտ տարածվելու ունակությամբ։ Մասնագետներն արձանագրում են նաև, որ 2002 թվականին բռնկված վիրուսն ատիպիկ թոքաբորբի վիրուսն է, իսկ կորոնավիրուսի կլինիկական նշաններն ավելի մեղմ են, գանգատների ու մահացության ցուցանիշներն է՛լ ավելի ցածր և մեծամասնությամբ կախված են վարակված անձի իմունային համակարգից։

Ուշագրավն այն է, որ մասնագետները նշում են, որ կորոնավիրուսային հիվանդության ամենատարածված ախտանշաններն են չոր հազը, ջերմությունը, մարմնացավը, հևոցը, թուլությունը, հոգնածությունը, փորլուծությունը, վիրուսի ծանր ընթացքը հանգեցնում է ատիպիկ թոքաբորբի, որոշ չինական աղբյուրներում՝ սեպսիսի և սեպտիկ շոկի, որոշ դեպքերում կարող է ընթանալ առանց որևէ ախտանշանների, այդ թվում՝ ջերմության։

Նշենք, որ հիվանդության զարգացման վտանգավոր սցենարը կարող է հանդիպել ցածր իմունային համակարգ և ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։ Սակայն այս վիրուսի հետ կապված կան մի շարք չբացահայտված, սակայն կարևոր հանգամանքներ, ինչպիսին կորոնավիրուսային հիվանդության երկարաժամկետ հետևանքներն են հիվանդացած և բուժված անձի առողջության վրա, ինչպես նաև կրկին վարակվելուց և բուժվելուց հետո իմունիտետի ձևավորման կամ կրկին այս վիրուսով վարակվելու հարցը։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս վերջերս անդրադառնալով այս վիրուսից իմունիտետի ձևավորման հարցին՝ ասել էր, որ փորձում են հասկանալ այս հարցը։

Իսկ թե ինչ հետևանքների է հանգեցնում այս վիրուսով հարուցված թոքաբորբն օրգանիզմի համար, տարբեր բժիշկներ հակասող կարծիքներ են հայտնում, բնականաբար, նշելով, որ հիվանդության թեթև ընթացքի դեպքում այն որևէ հետևանք օրգանիզմի համար չի թողնում։

Շաբաթներ առաջ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ Վան Ֆուշենը նշել էր, որ, որպես կանոն, թոքաբորբը, որն առաջանում է այս վիրուսով վարակվելու դեպքում, առողջացումից հետո որևէ հետևանք չի թողնում առողջության համար։

Նրա խոսքով, հիվանդության կլինիկական ախտանշաններն անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ այս հիվանդության թեթև և միջին ծանրության դրսևորումները գերազանցում են 80%-ը։

Գիտնականը շեշտել էր, որ ճիշտ կենսակերպի դեպքում՝ առողջ սննդակարգ, լավ հանգիստ, ժամանակին դեղամիջոցների ընդունում, մարդկայի օրգանիզմն ունակ է ինքնուրույն հաղթել այս վիրուսը։ «Մեծամասնության դեպքում հիվանդությունն անցնում է առանց հետևանքների, ուստի խուճապի հիմքեր չկան»,- ասել էր Վան Ֆուշենը։

South China Morning Post-ի փոխանցմամբ, արքայադուստր Մարգարեթի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի դոկտոր Օուեն Ցանը նշել է, որ կորոնավիրուսից բուժվելուց հետո մարդիկ կարող են ունենալ թոքերի հետ կապված խնդիրներ, սակայն սա՝ վիրուսի ծանր ընթացքի դեպքում։

Չինացի բժիշկների ուսումնասիրությունների համաձայն՝ մի շարք վարակվածների դեպքում թոքերի ֆունկցիան իջել է մեկ երրորդով։ Զուգահեռաբար նրանք նշել են, որ հիվանդության երկարաժամկետ հետևանքները դեռ լիովին բացահայտված չեն, և բժիշկները շարունակում են ուսումնասիրությունները։ Սակայն, ըստ Օուեն Ցանի, կորոնավիրուսից առողջացած որոշ մարդկանց դեպքում քայլելիս գուցե նկատվի շնչարգելություն, որոշների դեպքում՝ թոքերի ֆունկցիայի իջեցում։

Չինացի բժիշկների խոսքով՝ այդ հետևանքները նույնական են թոքաբորբից առողջացած մարդու առողջության հետևանքներին։ Ուստի կորոնավիրուսի նման ծանր ընթացքից առողջանալու դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել լողով, որպեսզի թոքերը հնարավորինս շուտ վերականգնվեն։

Ներկայումս այս հարցում մասնագիտացած բժիշկները փորձում են հասկանալ, թե վիրուսի ծանր ընթացքը կարո՞ղ է արդյոք հանգեցնել թոքային ֆիբրոզի, թե՞ կարող է անցնել առանց որևէ հետևանքի։

Տեսանյութեր

Լրահոս