Դեպքերը, բնականաբար, վերցված են մեր օրերից. Դավիթ Սամվելյանը նոր վիպակ է գրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի մասին
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) հետևանքով աշխարհում ստեղծված արտակարգ իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանին նոր վիպակ գրել: Ինչպես հեղինակն է բնութագրում՝ «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին։ Գիրքը բաղկացած է 19 գլխից, ինչը պայմանավորված է վիրուսի անվանումով՝ COVID-19-ով: Դավիթ Սամվելյանի հետ 168.am-ի զրույցը՝ ստորև:
– Ինչպե՞ս առաջացավ գիրքը գրելու գաղափարը․ ինքնամեկուսացո՞ւմը ստիպեց։
– Վիպակը գրելու ցանկությունը վաղուց կար, այն աստիճանական անցում էր պատմվածքներից դեպի վեպ ճանապարհին: Կոնկրետ այս վիպակի թեման խմորվում էր մտքումս դեռ Ամանորից առաջ (ընթերցողը վիպակում կգտնի այդ օրերի մասին նկարագրություններ), իսկ ինքնամեկուսացումը ավելի շատ խտացրեց ու վերջնական տեսքի բերեց սյուժետային գծերը: Ընդհանուր աշխատանքը երկու ամսից քիչ ավելի է տևել: Վիպակի հիմնական երկու գծերն են սերն ու վարակը, դրանց զուգահեռները, համընթաց զարգացումը, նաև երբեմն՝ այդ երկուսի միաձուլումը: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Ներկայացված են տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:
Շատ սյուժետային չակերտներ չբացելով՝ ասեմ, որ վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի՝ վերջաբանը գուշակելու համար:
– Գրքում խոսում եք փետրվարին Միլանից Երևան վերադարձող հերոսներից մեկի՝ Սեսիլի մասին, ով եկել է եղբոր նշանդրեքին մասնակցելու, ինչպես նաև ուսուցիչ աշխատելու համար Չինաստան մեկնած մարդկանց մասին։ Հիմքում իրակա՞ն պատմություններ են, թե՞ ոչ։
– Հերոսներն արտահայտում են իրական մարդկային տեսակների խտացված ու ամփոփ նկարագիրը: Դե, իսկ դեպքերը, բնականաբար, վերցված են մեր օրերից ու մեր օրերում կատարվող ու շատ հանդիպող երևույթներից:
– Ո՞րն է հիմնական ուղերձն ընթերցողին։
– Պետք է վարակվել միայն սիրով, պետք է հավատալ և հուսալ: Հենց այդ հույսն է արտահայտում գրքի վերջին նախադասությունը:
– Ոմանք դժգոհում են, որ արտակարգ դրության պայմաններում չեն կարողանում իրենց աշխատանքով զբաղվել, գումար վաստակել։ Ինչպիսի՞ն է իրավիճակը գրողների դեպքում ընդհանրապես և այս իրավիճակում։ Նոր գիրքը վաճառքում կա՞ արդեն, թե՞ ոչ, որքա՞ն է տպաքանակը։
– Չեմ կարող պատասխանել մնացածի փոխարեն, միայն կարող եմ ասել, որ մեր երկրում դեռ գրողը միայն իր գրքի վաճառքի գումարով ի վիճակի չէ ապրել, էլ ուր մնաց՝ արժանավայել ապրի․․․։
Անելիքները շատ են՝ կախված մարդու ձգտումներից ու հետաքրքրությունների շրջանակից: Կոնկրետ ինձ համար այս շրջանը ոչինչ չի փոխել՝ շատ գործեր կան, որ պետք է հասցնեմ անել: Ոչ միայն ստեղծագործական, այլև թարգմանական և այլ աշխատանքային ոլորտներում:
Գիրքը վաճառքում արդեն մի քանի օր կա, բայց, բնականաբար, ոչ գրախանութներում՝ դրանք փակ են. ընթերցողին հասնում է փոստային առաքումների միջոցով:
– Շատ մարդիկ չգիտեն, թե ի՞նչ անեն մեկուսացման պայմաններում, հաճախ անգամ պատասխանատվության մասին են մոռանում ու դուրս գալիս։ Դուք ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր օրը, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։
– Խորհուրդս մեկն է՝ ստեղծված վիճակն օգտագործել ներաշխարհը, միտքը հարստացնելու համար, մեկուսի վիճակն օգտագործել սեփական կյանքն ու կյանքի, մարդկանց հանդեպ մոտեցումներն ու վերաբերմունքը վերարժևորելու, ապագայի անելիքները պլանավորելու համար: Բայց ամենակարևորը՝ աշխարհը, բնությունն ու մարդկանց սիրելու կարողությունն ավելացնելու համար: