Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարզաբանումները ոլորտին տրամադրվող աջակցության մասին
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից առավել տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Այս օրերին դժվար կլինի որևէ երկրում տեսնել զբոսաշրջիկների: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում ևս զբոսաշրջիկներ այս օրերին չկան:
Վիրուսից ամենից տուժած ոլորտի համար կառավարությունն աջակցության 3 առաջարկ-փաթեթ է նախատեսել:
Առաջին նախագիծը վերաբերում է համավարկավորմանը, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել պետությանը՝ համավարկավորում ստանալու համար՝ մասնավոր հատված-պետություն 50-50 հարաբերակցությամբ համագործակցելու հնարավորությամբ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ այս գումարը կարելի է օգտագործել աշխատողներին աշխատավարձ վճարելու, պետական համայնքային տուրքեր մարելու, կոմունալ ծախսեր վճարելու համար:
Հաջորդ առաջարկը վարկավորումն է: Այս դեպքում առաջարկից կարող են օգտվել փոքր և միջին ձեռնարկությունները: Վարկը տրամադրվելու է 36 ամսով, առաջին վեց ամիսը՝ առանց վճարումների, առաջին 24 ամիսը՝ անտոկոս:
Երրորդ նախագծով, որն այսօր կառավարության արտահերթ նիստում ներկայացվեց, հնարավորություն կտրվի աշխատողներին միանվագ աջակցություն տրամադրել՝ 68.000-136.000 դրամի սահմաններում:
«Ընդունում եմ, որ կան այնպիսի սուբյեկտներ, որոնք այնուամենայնիվ դուրս են այս աջակցության ֆոնդերից, որոնց վերաբերյալ քննարկում ենք տարբեր միջոցառումներ կամ առաջարկներ, որպեսզի հասկանանք, թե որ կարիքն է պետք բավարարել այն սուբյեկտների, որոնք որևէ կերպ չեն կարողանում օգտվել ներկայացված առաջարկներից»,- հավելեց զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Այս պահին կոմիտեում դեռ չկան մարտ ամսվա կորուստների տվյալները՝ գումարային հաշվարկով: Բայց քանակական առումով, Սուսաննա Սաֆարյանի փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատությամբ՝ առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել մոտ 175.000 զբոսաշրջիկ, իսկ երկրորդ եռամսյակի պատկերը կարող է ավելի վատը լինել: Եվ եթե հաշվենք, որ Հայաստանում մեկ զբոսաշրջիկին բաժին ընկնող միջինացված ծախսը 770 ԱՄՆ դոլար է, ապա առաջին եռամսյակի կորուստը կլինի մոտ 134 միլիոն 750 հազար ԱՄՆ դոլար: