«Դատական իշխանության անաչառությունն ապահովելը բոլորիս պարտականությունն է». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ շուրջ մեկ տարի է` խոսում են դատաիրավական ոլորտում բարեփոխումների, վեթինգի կամ բարեվարքության մասին, որի ընթացքում եղել են տարբեր քննարկումներ:

«Հիմա մեր դատին է հանձնված մի նախագիծ, որն այս կամ այն չափով, նաև միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում, հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում: Այն բոլոր պահերին, երբ Ազգային ժողովը պետք է կայացնի որոշում, չգիտեք ինչու, անընդհատ հետաձգում ենք և թողնում՝ չգիտեմ, որ ժամանակների համար»,- այսօր ԱԺ-ի իր ելույթում  նշեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում և կից ներկայացվող օրենսդրական նախագծերի փաթեթին:

Ըստ նրա՝ հենց այս նախագիծն է անդրադառնում այն խնդիրներին, որոնք դրել են իրենց առջև, ուստի ցանկացած ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության համար,  մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ունենալու համար էական նշանակություն պետք է ունենա անաչառ դատական համակարգը:

«Դատական իշխանության անաչառությունն ապահովելը բոլորիս պարտականությունն է, որի համար կարևոր է դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների գործուն համակարգի առկայությունը: Այս նախագծով, օրինակ՝ վերանայվել է դատավորների թեկնածուների և դատավորների նշանակման գործընթացը, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացն այնպես է կարգավորվել, որ հնարավորինս բացառվի կամայական, հայեցողական որոշումների կայացումը, դիտարկվել է ընդհանուր ժողովի կողմից վերանայման կարգը՝ դրանում ներառելով ոչ դատավոր անդամների, ինչն էլ հնարավորություն կտա դատական իշխանության համար կենսական հարցերի լուծումը չվերապահել միայն դատավորներից բաղկացած մարմիններին»,- հավելեց Լիլիթ Մակունցը:

Նա նաև ընդգծեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նշված  նախագծին:

Տեսանյութեր

Լրահոս