Կորոնավիրուսը կբացահայտի, թե ով ով է Արցախում
Կա հայտնի ասացվածք այն մասին, որ իսկական ընկերոջը դժվար պահին են բացահայտում: Այսօր այդ մասին գրեթե բացահայտ են խոսում Իտալիայում, երբ պարզ դարձավ, որ ծանր վիճակում գտնվելու ժամանակ առաջինն իրենց ձեռք մեկնեցին ոչ թե ֆրանսիացիներն ու գերմանացիները, այլ չինացիներն ու ռուսները: Այս օրերի իտալացիների ֆեյսբուքյան գրառումները հենց դրա մասին են:
Հիմա անդրադառնանք Հայաստանի խնդիրներին։ Երբ կարծիքներ էին հնչում, որ Հայաստանում հանրաքվեի անցկացումը կարող է սպառնալ ՀՀ առողջապահական անվտանգությանը, ՀՀ իշխանությունները դրանց լուրջ ուշադրություն չէին դարձնում:
Նույնիսկ չի բացառվում, որ Փաշինյանի կողմից «Այո»-ի քարոզարշավը նույնպես նպաստել է կորոնավիրուսի տարածմանը Հայաստանում: Բարեբախտաբար, ՀՀ իշխանությունները սթափվեցին և հրաժարվեցին իրենց նախկին որոշումներից՝ չեղարկելով հանրաքվեն:
Սակայն դեռևս նույնը չենք կարող ասել Արցախի դեպքու. ում այս վտանգը ակնհայտորեն արհամարհվում է Արցախի իշխանությունների կողմից: Նրանք հավանաբար մտածում են, որ մինչև կորոնավիրուսի լայն տարածումը, Արցախում հնարավոր կլինի ավարտել այս ողջ ընտրական ցիկլը: Սակայն ակնհայտ է, որ դա պարզունակ պատկերացում է՝ հաշվի առնելով այն փասը, որ կորոնավիրուսի տարածումը ողջ աշխարում, նաև Հայաստանում աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
Իսկ հիմա քննարկենք տարբերակներ, թե ինչ զարգացումներ կարող են սպասվել Արցախում այս կապակցությամբ:
Տարբերակ առաջին
Ընտրությունների ֆավորիտ Արայիկ Հարությունյանը հաղթում է հենց առաջին փուլով: Պարզ է, որ ընտրության այս արդյունքը չի ընդունվելու ընտրություններին մասնակցած թեկնածուների մեծամասնության կողմից: Արդյունքում՝ Արայիկ Հարությունյանը հայտնվելու է «կաղ բադ» իրավիճակում: Իսկ համաշխարային ճգնաժամի պայմաններում ունենալ «կաղ բադ» նախագահ, նշանակում է՝ ձևավորել երկրում թույլ և անվճռական իշխանություն: Այս պայմաններում կարճ ժամանակ անց բնակչության մոտ առաջանալու է խորը դժգոհություն Արայիկ Հարությունյանի հանդեպ և նրա քաղաքական հակառակորդները փորձելու են օգտվել այդ իրավիճակից:
Նրանց այդպիսի քայլի մղելու է քաղաքական տրամաբանությունը: Այս ամենից Արցախն էլ ավելի է թուլանալու և այնտեղ առաջանալու է այն վիճակը, որը կար Հայաստանում 2008-ից հետո, բայց մի բացառությամբ. Արցախն ի տարբերություն Հայաստանի, այս իրավիճակը չի կարողանա մարսել՝ հաշվի առնելով նրա միջազգայնորեն չճանաչված կարգավիճակը:
Այս տարբերակի դեպքում կարող է լինել նաև ավելի վատ իրավիճակ, երբ Հարությունյանի հաղթանակը հենց առաջին փուլում փողոց հանի մարդկանց և Արցախում գրանցվեն բախումներ:
Չարժե նույնիսկ բացատրել, թե դա ինչի կբերի։
Տարբերակ երկրորդ
Ընտրություններն անցնում են երկու փուլով, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ ամենայն հավանականությամբ կլինի Վիտալի Բալասանյանը: Դա նշանակում է՝ Արցախում ընտրությունները պիտի շարունակվեն ևս երկու շաբաթ:
Որևէ մեկը գիտակցո՞ւմ է արդյոք, որ դա կլինի Արցախի վերջնական խայտառակությունը ողջ աշխարով մեկ: Տարբեր գնահատականներով՝ ապրիլի կեսերին աշխահում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցելու է մեկ միլիոնը և այդ պարագայում Արցախում ընտրությունների անցկացման շարունակությունը կարող են կանխել նույնիսկ միջազգային կառույցները:
Օրինակ՝ Ադրբեջանը կարող է պահանջել համաշխարհային առողջապահական կազմակերպությունից դադարեցնել այս ընտրությունները և միջնորդները հորդորով դիմեն Երևանին՝ ազդելու համար Արցախի վրա: Այս ամենից հետո Արցախի վարկանիշն անհույս անկում կարող է ապրել՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:
Այդ ժամանակ ընտրությունները միևնույն է՝ հետաձգվելու են, սակայն արդեն դրսի պահանջով: Մենք դա՞ ենք ցանկանում: Ո՞վ է պատասխան տալու դրա համար: Ակնհայտ է, որ այս ամենի գլխավոր պատասխանատուները կլինեն Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը: Պատրա՞ստ են նրանք այդ պատասխանատվությունը կրել:
Կարելի է հասկանալ Բակո Սահակյանի ցանկությունը՝ օր առաջ հանձնել իշխանությունը Հարությունյանին ու, այսպես ասած՝ մի կողմ կանգնել, որպեսզի կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում պատասխանատվություն չկրի մարդկանց առջև: Սակայն այսօրվա իրավիճակը փոխել է իրերի դասավորությունը ողջ աշխարհում և նման պահվածքը կարող է չհանդուրժվել հանրության կողմից:
Եթե մարդիկ հայտնվեն ծանր իրավիճակում, ապա անպայման առաջ է գալու, այսպես կոչված, «քավության նոխազի» փնտրտուքը: Այնպես որ Բ. Սահակյանին չի հաջողվելու պատասխանատվությունից խուսափել։
Տարբերակ երրորդ
Բակո Սահակյանի որոշմամբ հետաձգվում են ընտրությունները և Արցախում մտցվում է հատուկ դրություն՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ: Այս պայմաններում Արցախում նույնպես կհաստատվի թույլ իշխանություն, որովհետև կլինի «ժամանակավոր», սակայն, այն կլինի ավելի «լեգիտիմ», քան այլ տարբերակներում: Քանզի բոլորի համար հասկանալի կլինի, թե ինչու պիտի կատարել հատուկ դրության պայմանները և որտեղ Բակո Սահակյանը կարող է փորձել ձևավորել ժամանակավոր «ազգային համաձայնության» իշխանություն:
Այս իրավիճակը կարող է կոնսոլիդացնել իրավիճակը Արցախում, ի տարբերություն, առաջին, կամ երկրորդ տարբերակների: Պարզ է որ այս տարբերակի պարագայում բոլորը պիտի հետաձգեն իրենց հավակնություններից՝ հանուն համախմբվածության, որտեղ Բակո Սահակյանից շատ բան կարող է կախված լինել: Մանավանդ, որ նա լինելու է խիստ ժամանակավոր ղեկավար, ինչը նրա հանդեպ մյուսների խանդի դրսևորումները կպակասեցնի, քան եթե, օրինակ, Բակո Սահակյանի տեղը լիներ «ոչ ժամանակավոր» Հարությունյանը:
Այսպիսով բոլոր տարբերակների գնահատումը ցույց է տալիս, որ Արցախում ընտրությունների հետաձգումը շահավետ կլինի Արցախի և Արցախի բնակչության համար։ Ընտրությունների անցկացման պարագայում առաջ են գալու նոր մարտահրավերներ, որտեղ մեծ վտանգներ են ի հայտ գալու Արցախի համար:
Կախված նրանից, թե ինչպիսի որոշում կկայացվի Արցախում, դրանից էլ պարզ կդառնա, թե ով ով է այնտեղ։