«Շոգը և արևի ճառագայթները սպանում են միկրոբներին». Համաճարակաբան
«Տաք եղանակն ազդում է միկրոբների կենսունակության վրա, առհասարակ Հայաստանի բնությունը, կլիման շատ հետաքրքիր է, ունենք երկու անցումներ, երբ դրսի միջավայրում տեղի է ունենում մաքրում: Առաջինը՝ ձյունառատ և ցուրտ ձմեռը, չնայած միայն ցուրտը միկրոբներին չի սպանում, ձյունառատ ձմեռն է մաքրում դրանց: Երկրորդը՝ շոգ և արևոտ ամառը, արևի ճառագայթները սպանում են միկրոբները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը՝ անդրադառնալով վիրուսների վրա եղանակային պայմանների ազդեցությանը:
Նրա հավաստմամբ՝ որքան եղանակը տաքանում է, այնքան դրսում եղած միկրոբները ոչնչանում են, սակայն սա չի նշանակում, որ առաջիկայում լավ եղանակի պայմաններում կորոնավիրուսով վարակվածներ այլևս չեն լինելու:
«Եթե, օրինակ, հիմա հինգ աստիճանով եղանակը տաքանա, ապա դա դեռևս չի նշանակում, որ այն կանխարգելելու է կորոնավիրուսի տարածումը: Ամբողջ ձմռանը մարդիկ տանն են, փակված, գարնան բացվելուն պես նրանք դուրս են գալիս, քայլում են, այս առումով է դրական ազդեցություն տեղի ունենում»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ չնայած Աֆրիկայում շոգ է, բայց այնտեղ էլ վիրուս կա, Վլադիմիր Դավիդյանցը նկատեց՝ Աֆիկայում էլ մարդիկ փռշտում են, մոծակներ կան, և անհնար է, որ վիրուս չլիներ: