Բաժիններ՝

Հայաստանը, կորոնավիրուսի տարածման հետ կապված, արտահանման խնդիրներ չունի. Էկոնոմիկայի փոխնախարար

Մեր հարևան երկրների հետ սահմանները գործում են, ուղղակի կան բեռնափոխադրումների սահմանափակումներ. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Իրանի հետ թույլատրվում է այն ապրանքների շրջանառությունը, որոնք անհրաժեշտ են տնտեսությանը և տնտեսվարողներին:

«Իրանի հետ կա պարետի կողմից սահմանված ցանկ, որոնց արտահանումը, փոխադրումը Հայաստանից Իրան իրականացվում է Առողջապահության նախարարության համաձայնությամբ՝ բժշկական նշանակության սարքավորումներ, դեղամիջոցներ: Մնացած ցանկն իրականացվում է ՊԵԿ-ի կողմից սահմանային իրավիճակից կախված, սահմանի թողունակությունից կախված: Փոխադրումներն իրականացվում են Մեղրիի անցակետում և Ագարակի մաքսային վերահսկողության կետում: Ապրանքների ցանկը սահմանափակ է, բայց դրանք անհրաժեշտ են տնտեսական գործունեության համար»,- ասաց Վարոս Սիմոնյանը:

Փոխնախարարի պնդմամբ՝ Իրանից Հայաստան բեռնափոխադրումները վերահսկվում են.

«Բեռնափոխադրումն իրականացվում է հենց անցակետում, այսինքն՝ ապրանքը տեղափոխվում է հայկական մեքենայի մեջ: Անհնարինության դեպքում Ագարակ է ուղեկցվում և բեռը պահվում է մաքսային պահեստում: Դրա անհնարինության դեպքում էլ բեռը հսկողությամբ ուղեկցվում է մինչև տնտեսվարողը»:

Վարոս Սիմոնյանն անդրադառնալով մեր մյուս հարևան երկրի հետ բեռնափոխադրումներին՝ ասաց, որ Վրաստանի հետ սահմանափակումներ չկան, բեռնափոխադրումներն իրականացվում են գործող ռեժիմի համաձայն, միայն թե հարևան երկրի Կառավարությունը խստացրել է բեռնափոխադրումների կարգը՝ կապված համաճարակի հետ:

«Գործում է հատուկ կարգ: Եթե վարորդը դեպի Վրաստան է գալիս բարձր ռիսկային գոտուց, չի կարող մտնել Վրաստանի տարածք, փոխարինվում է վարորդը, որոշ դեպքերում փոխարինվում է նաև քարշակը կամ մեքենան: Տարանցիկ փոխադրումն իրականացվում է հսկողության ներքո»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը:

Սիմոնյանի պնդմամբ՝ Լարսի անցակետում մեքենաների կուտակումները պայմանավորված են միայն եղանակային պայմաններով, այլ դժվարություններ չկան: Փոխնախարարը, լրագրողի հարցին ի պատասխան, թե Հայաստանն այս ընթացքում արտահանման խնդիրներ ունեցե՞լ է, վստահեցրեց, որ դեպքեր չեն գրանցվել:

«Իրանի հետ սննդամթերքի արտահանում չունենք ըստ ցանկի, ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանում իրականացվել է, բայց դեպք չի գրանցվել, որ գյուղատնտեսական ապրանքներ կամ որևէ այլ արտադրանք վարակված լինի և արգելվի»,- ասաց Վարոս Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի Կառավարության առաջարկով ԵԱՏՄ-ից Հայաստան բժշկական նշանակության ապրանքների, ներկա իրավիճակում անհրաժեշտ այլ ապրանքների ներմուծումը լինելու է 0 տոկոս մաքսատուրքով.

«Սա տարածվելու է մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը, հնարավոր է՝ երկարացվի ժամկետը: Սա ուժի մեջ կմտնի վերջնական հաստատումից հետո, 10 օրվա ընթացքում»:

Ըստ փոխնախարարի՝ այս սահմանափակումները չեն կարող առաջացնել գործազրկություն, իսկ արտադրանքի իրացումն արդյունավետ կազմակերպելու համար քննարկվում է այլընտրանքային շուկաներ փնտրելու հավանականությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս