«Այդ պահին ո՞նց ենք ճշտում՝ կինը հղի՞ է, թե՞ ոչ». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ թեև իրենց ներկայացրած առաջարկների մեծ մասը հաշվի է առնվել կառավարության կողմից, սակայն, կատարված որոշ լրացումների հետ անվերապահ համաձայնել չեն կարող.
«Օրինակ՝ նշված է՝ հղի կնոջ նկատմամբ. հումորի վերածելու ցանկցություն չունեմ, բայց այդ պահին ո՞նց ենք ճշտում՝ կինը հղի՞ է, թե՞ ոչ: Կամ՝ անչափահասի նկատմամբ. այդ պահին ինչի՞ց ենք ենթադրում, որ նա անչափահաս է: Ի վերջո, պետք է կարևորել մի բան՝ մարդու պատասխանատվությունը կախման մեջ դնել նրա դիտավորությունից, վտանգավորությունը նրա դիտավորության մեջ է, որ մարդը հաստատապես իմանա՝ ում ինչ վնաս է պատճառում: Իսկ այս դեպքում ստացվում է, որ մարդը կարող է ոչ դիտավորյալ, բայց, փաստորեն, վարակել հղի կնոջը: Ոչ մեկին չի կարելի վարակել, բայց դնել-ասել՝ հղի կնոջը վարակել, երբ բացարձակապես չունես և չէիր կարող ունենալ տեղեկատվություն նրա հղիության վիճակի մասին, սրա համար մարդուն տանել՝ ավելի խիստ պատասխանատվության ենթարկել, սա չի բխում արդարության սկզբունքից»:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ որոշակի նկատառումներ ունեն տուգանքի չափերի վերաբերյալ.
«Այսօր պետք է հաշվի առնենք նաև մեր բնակչության մեծամասնության վիճակը, և որևէ մեկը լեն օրից չի վարակի, որ գնա մի հատ էլ ուրիշին ուզենա վարակի և դրա համար պատասխանատվություն կրի: Այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, որ իսկապես պետք է արձագանքել առկա իրավիճակին և նաև այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկությունները մեծապես հաշվի են առնվել արդեն իսկ շրջանառության մեջ դրված երկրորդ ընթերցման նախագծում, «Բարգավաճ Հայաստանը» դրական տրամադրվածություն ունի նախագծի նկատմամբ»: