«Կառավարությունը հիմա դիտարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կամ այլ շրջանակ լինի, կամ առհասարակ չլինի». Ռուստամ Բադասյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ԶԼՄ սահմանափակումների մասով ի՞նչ փոփոխություններ են եղել ներկայացված նախագծում:
«Ֆիզիկական և իրավաբանական անձնանց մասին տեղեկություններ հրապարակելու զանցանքի համար սանկցիան հանվել է, կարգավորումն ընդհանրապես հանվել է: Կառավարությունը հիմա դիտարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կամ այլ շրջանակ լինի, կամ առհասարակ չլինի: Առաջիկայում դա պարզ կլինի, քննարկումները շարունակվում են»,- ի պատասխան՝ ասաց արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ նախագծի լրամշակված տարբերակով առաջարկվում է ԶԼՄ հասկացությունը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնող հասկացությամբ:
«Որովհետև ԶԼՄ-ն հիմա շատ նեղ շրջանակ է ընդգրկում, օրինակ՝ ինտերնետային կայքեր և այլն չեն ընկնում այդ հասկացության տակ, դրա համար լրատվական գործունեություն իրականացնող հասկացությունն ենք ընդգրկում և սահմանում ենք՝ եթե մեկ անգամ շարունակում է խախտման կատարումը, ապա երկրորդ անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտն է կիրառվում»,- ասաց նախարարը:
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ նորմալ համագործակցություն է ստացվել և իրենց ներկայացրած առաջարկները ներառվել են նախագծում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: