Քաղաքական գործիչը մտածում է գալիք ընտրությունների, իսկ պետական գործիչը՝ գալիք սերունդների մասին

Քաղաքական իրականությունը հաճախ կորցնում է իր տրամաբանության շարունակականությունը և ռացիոնալության սահմանները, հենց այդ պատճառով էլ համարվում է հնարավորինի արվեստ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր քաղաքական իրականությունում, դուրս է բոլոր տրամաբանության եզրույթներից ու բանական մարդու գիտակցականից։

Հաճախ ենք տեսնում, թե ինչպես են քաղաքական գործիչները, հանուն իրենց քաղաքական շահերի ու պրիմիտիվ ամբիցիաների, փորձում դիմել տարբեր հնարքների՝ իշխանությունը պահելու, մարդկանց մանիպուլացնելու համար։

Նախօրեին հայտնի դարձավ, որ կապված ՀՀ-ում նոր կորոնավիրուսի համաճարակով և երկրում հայտարարված արտակարգ դրությունով, Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, Սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ ՀՀ, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»։

Հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ Սերժ Սարգսյանի առաջարկով «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը և տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցության անդամները, մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում տարբեր ոլորտներում հակաճգնաժամային քայլերի ուղղությամբ եւ դրանք կանոնավոր ներկայացնում են կառավարությանը:

Հենց առաջին իսկ հայացքից աչքի է զարնում այն փաստը, որ հայտարարությունը զուրկ է որևէ քաղաքական մեսիջից և իր մեջ բացառապես կառուցողական ու ազգապահպան գաղափարներ է գեներացնում:

Իր ուղերձում Սարգսյանը թե ուղղակի, թե անուղղակի չի խոսում ընթացիկ իրավիճակի կառավարման հարցում նոր կառավարության սխալների ոի «լյապերի» մասին, որոնք ի դեպ բավականին շատ են։

Եթե երրորդ նախագահի հայտարարությանը հավելենք Արմեն Աշոտյանի ակտիվ հրապարակումները, որով նա քանիցս ակնարկել է ազգային համախմբման, փոխադարձ աջակցության ու կառուցողական աջակցության մասին, պարզ է դառնում, որ անկախ քաղաքական հակադիր բևեռների, այս ճգնաժամային իրավիճակում ՀՀԿ-ն պետականապետ դաշտում է, և սրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։

Տվյալ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է այն քաղաքագիտական ճշմարտությունը, որ փոքր երկրներին մշտապես անհրաժեշտ են հայրենասեր լիդեր, քանի որ կոսմոպոլիտիզմն ուղղակի կործանարար հետևանքներ է ունենում ազգային դիմագծի պահպանման համար:

Զոհաբերության գնալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ցանկացած ստեղծված կացությունում լիդեր-ղեկավարը կարողանում է իր անձնականը ստորադասել պետականին, և ցանկացած պահի հրաժարվել պաշտոնից ու լծակից:

Նման ճգնաժամային իրավիճակներում անթույլատրելի ու անընդունելի է ասել «արևմտամետ» ու «ռուսամետ» այն դեպքում, երբ այդ երկուսից վեր պետք է լինեն հայամետության և պետականամետության գաղափարախուսությունները:

Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող են լինել քաղաքական առաջնորդի առանձին որակները: Թերևս այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարն ամբողջացնող բոլոր որակները: Պատահական չի ասված, որ քաղաքական գործիչը մտածում է գալիք ընտրությունների, իսկ պետական գործիչը՝ գալիք սերունդների մասին։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս