Բաժիններ՝

«Հիմա ունենք, իհարկե, լարված և վատթար վիճակ՝ տրանսպորտի հետ կապված, բայց կոլապսից հեռու ենք». Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ և երկրում արտակարգ դրության հաստատմամբ պայմանավորված՝ այս օրերին պակասել է ինչպես՝ հանրային տրանսպորտային միջոցներից օգտվողների քանակը, այնպես էլ՝ տրանսպորտային միջողների շարժակազմը:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը վստահեցնում է, որ Երևանում գրանցված և գործող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, լինեն դրանք քաղաքապետարանի տիրույթում գործող թե մասնավոր, ամեն օր ախտահանվում են:

«Կա կնքված պայմանագիր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով տրված մի ՓԲԸ-ի հետ, որը պրոֆեսիոնալ մակարդակի և բոլոր միջազգային նորմերին համապատասխան կատարում է ախտահանիչ աշխատանքներ, լինի մետրոն, լինի  ավտոբուսը, գազել մեքենաները, միկրոավտոբուսները: Բոլորը վնասազերծվում են ամեն օր, և այդ աշխատանքը կտևի այնքան, ինչքան կլինի կարիքը դա իրականացնելու»,- ասաց Սերգեյ Հարությունյանը:

Փոխքաղաքապետի ներկայացրած թվային տվյալների համաձայն՝ եթե մինչև այս, սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենում օրական ուղևորափոխադրումը շուրջ 75.000 էր, ապա այս օրերին  5 անգամ պակաս է՝ շուրջ 15.000: Գրեթե նմանատիպ իրավիճակ կա ավտոբուսների դեպքում:  Ավտոբուսներից նախկինում օրական 70.000 ուղևոր էր օգտվում, հիմա՝ 20.000:  Ինչ վերաբերում է միկրոավտոբուսներին, ապա այսօր երթուղի է դուրս գալիս 500 միկրոավտոբուս՝ նախկին  850-900-ի փոխարեն:

Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ՝ այս օրերին չեն աշխատում նաև տրանսպորտային միջոցների այն վարորդները, որոնց տարիքը  60-ն անց է կամ ունեն խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ կամ սրտանոթային որևէ խրոնիկ հիվանդություն:

«Չկա մի թաղամաս, որը զրկվել է տրանսպորտից: Ամեն տեղ էլ կա տրանսպորտ, պարզապես քանակը սակավել է: Այո, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ հայցում եմ ներողամտությունը մեր քաղաքացիներից, որ այս վիճակն ա»,- ասաց Սերգեյ Հարությունյանը:

Այս օրերին շատ վարորդներ բարձրաձայնում են տրանսպորտային միջոցներից օգտվող քաղաքացիների պակաս թվի և դրա արդյունքում իրենց աշխատանքի «անարդյունք» լինելու մասին: Անգամ խոսվում է մասնավոր տրանսպորտային ընկերությունների՝ որոշ ժամանակով աշխատանքը դադարեցնելու հնարավոր որոշման մասին: Շատերի կարծիքով՝ մասնավոր տրանսպորտային միջոցների «գիծ դուրս չգալը» կարող է կոլապսային վիճակի պատճառ դառնալ:

«Եթե ինչ-որ նման իրավիճակի հասնենք, Երևանի քաղաքային՝ համայնքի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ: Այդ ավտոբուսները պահվում են կոլապսային իրավիճակներում օգտագործելու համար, այսինքն՝ կոլապսային իրավիճակներից խուսափելու համար՝ ծայրահեղ իրավիճակներում: Մենք կարող ենք համարել, որ հիմա ունենք, իհարկե, լարված և վատթար վիճակ՝ տրանսպորտի հետ կապված, բայց կոլապսից հեռու ենք»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Անդրադառնալով վարորդների օրական վճարվող տուրքին՝ քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց.

«Տեղյակ եմ, որ մասնավոր ուղևորափոխադրող ընկերությունները, մի շարք ընկերություններ որոշակի փոփոխություններ են կատարել վարորդներից ստացվող, այսպես ասած, «պլանի» հարցում, և նվազեցրել են այդ տուրքերը: Եվ նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը և կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում՝ որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները վստահեցնում են՝ ամեն առավոտ աշխատանքը սկսելուց առաջ տրանսպորտային միջոցների վարորդները ջերմաչափման են ենթարկվում: Այդուհանդերձ, քաղաքացիներին հորդորում են չօգտվել այն տրանսպորտային միջոցից, որում արդեն զբաղված են բոլոր նստարանները, կամ որում շատ քաղաքացիներ կան, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս կրել դիմակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս