«Բոլորին կոչ եմ անում՝ լինել հանգիստ և խուճապի չմատնվել». Վիտալի Բալասանյան

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը՝ պահպանելով անվտանգության կանոնները, հաշվի առնելով կորոնովիրուսի տարածման  հնարավորությունը:

Նա պաշտպանիչ դիմակներ, բուկլետներ և իր նախընտրական շտաբի հրատարակած «Հաղթանակ» թերթի օրինակներ է բաժանել ընտրողներին՝ Ստեփանակերտի փողոցներում, այցելել տարբեր գործող կազմակերպությունների աշխատավայրեր։

Այս օրերին ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ կիրառելու կարևորությունը շեշտելու նպատակով Վիտալի  Բալասանյանը շրջել է պաշտպանիչ դիմակով ու բոլորին ևս մեկ անգամ կոչ արել՝ լինել զգոն, հետևել հիգիենայի կանոններին և մաղթել առաջին հերթին՝ քաջառողջություն։

Իր հղած հատուկ ուղերձում Վիտալի Բալասանյանը նշել էր, որ կորոնավիրուսի տարածման մարտահրավերը երկրի ղեկավարության պատրաստվածության և կարողության փորձություն է։ Սակայն Արցախի իշխանությունը խնդրին ոչ լուրջ վերաբերմունք է ցուցաբերում։

Այս իրավիճակում ավելի է կարևորում յուրաքանչյուր արցախցու անձնական պատասխանատվությունն ու պաշտպանիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջինն է վիրուսի տարածման աճի տեմպերով։ Ուստի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, պետք է անի ամեն ինչ՝ կանխելու համար վիրուսի ներթափանցումն ու տարածումն Արցախում, իսկ ղեկավարությունը պետք է ամեն օր զեկուցի քաղաքացիներին՝ ձեռնարկված միջոցների վերաբերյալ։

Վիտալի Բալասանյանը նաև տեղեկացրել է, որ իր կողմից երաշխավորում է՝ օրերս կստեղծի ենթակառուցվածք, որը կօգնի բնակչությանը նշված մարտահրավերի դեմ պայքարում։ «Բոլորին կոչ եմ անում՝ լինել հանգիստ և խուճապի չմատնվել։ Ամենակարևորը՝ լինել կարգապահ և հոգ տանել միմյանց մասին»,- նշել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս