«Ֆորս-մաժորային իրավիճակում կարող է նախատեսված հանրաքվեն չեղարկվել». Վարդան Այվազյան

«Որևէ ընթացակարգ չկա նախատեսված, կարգն այնպիսին է, որ ֆորս-մաժորային իրավիճակում կարող է նախատեսված հանրաքվեն չեղարկվել։ Ենթադրվում է, որ այն ընթացակարգը, որով հանրաքվե է նշանակվում, նույն ընթացակարգով էլ պետք է չեղարկվի։ Ազգային ժողովը պետք է դիմի Հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս հանրաքվեն չեղարկի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում պետք է չեղարկվի հանրաքվեն։

Հարցին՝ այս պահին հանրաքվեն չեղարկելու անհրաժեշտություն կա՞, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ընթացող որևէ գործընթացի չի հետևում և չգիտի, թե ինչ վիճակ է, ուստի չի կարող ասել՝ անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությանը, Վարդան Այվազյանը նշեց, որ ելնելով իրավիճակից և ընթացող գործընթացներից՝ Կառավարությունը և վարչապետը պետք է որոշեն՝ հայտարարե՞լ արտակարգ դրություն, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին, որի քարոզարշավը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ, այս պահին վարչապետի հրահանգով դադարեցված է։

Ի դեպ, Արտակարգ դրության մասին Սահմանադրության 120-րդ հոդվածում ասվում է.

1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս