«Որոշեցինք թարմացնել Սամվել Բաբայանի հիշողությունը». Գառնիկ Իսագուլյան-Բաբայան հեռահար բանավեճը շարունակվում է
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ Արցախի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի աջակից, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ստում է՝ ասելով, թե ինքը որևէ մասնակցություն չի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձին: Իր կապն այդ դեպքին ժխտող հայտարարությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց այն տեսանյութը, որտեղ Բաբայանը քննիչների մոտ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս:
«Մտածված քայլ է եղել: Եթե դու քո ազգի համար 7 տարի աշխատել ես, գիշերը ցերեկ ես արել, մի մարդ դուրս է գալիս, ասում է՝ բաշիբոզուկներ: Հետո՞ ինչ, որ ինքը պետության ղեկավար է, էդ պետության ստեղծողներից մեկը ես եմ»,- տեսանյութում ասում է Սամվել Բաբայանը:
Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ տեսանյութերի հրապարակումից հետո Բաբայանը փոխել է իր խոսքը:
«Որոշեցինք թարմացնել Սամվել Բաբայանի հիշողությունը: Մեր կայքում դրեցինք նրա ինքնախոստովանական ցուցմունքը: Ինքը պետք է իմանար, որ նման տեսանյութ գոյություն ունի: Տեսանյութից հետո երեկ Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը դա ասել է, բայց ասել է հենց այնպես: Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, «գլավնակամանդույուշչի», ինչ-որ քննիչների հենց այնպես բան է ասում: Այս օրերին նա ներկայացնում է, որ սպանության փորձն իմիտացիա է եղել»,- ասաց նա:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պնդում է՝ Սամվել Բաբայանի խոսքերը Նիկոլ Փաշինյանի մասին՝ եթերում և հանդիպումների ժամանակ, չեն համընկնում: Նա ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ Սամվել Բաբայանը, մեջբերելով վարչապետի հայտնի խոսքերը, որտեղ նա մատը թափ տալով հորդորում է՝ «Հանգիստ նստեք տեղներդ», ասում է. «Պատկերացնո՞ւմ եք՝ նորմալ ղեկավարը տենց բան ասի, ես ստեղ նստած՝ ինքը տենց բան է ասում: Մատը կպոկեմ…»:
Գառնիկ Իսագուլյանն ավելի վաղ հայտարարել էր, թե արգելափակվել է Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան: Սամվել Բաբայանի գրասենյակը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր տեղեկատվությունը՝ գրելով, թե իրենք նման պաշտոնական ինֆորմացիայի չեն տիրապետում: Բաբայանը լրատվականներից մեկի հետ զրույցում պատմել էր, որ Ռուսաստանից իրեն առաջարկել են պաշտպանել Վիտալի Բալասանյանի շահերը նախագահական ընտրություններում, նման խնդրանքով իրեն դիմել է նաև Գառնիկ Իսագուլյանը, իսկ ինքը հրաժարվել է: Արցախի հերոսը նաև պնդել էր, որ երբ ուզի՝ կարող է գնալ Ռուսաստան և հարցեր լուծել, իսկ Գառնիկ Իսագուլյանը, եթե այդքան ինֆորմացիայի է տիրապետում, ուրեմն ռուսական գործակալ է: Ինչ վերաբերում է Արցախում նախագահական քարոզարշավին, Գառնիկ Իսագուլյանն ասում է.
«Մնացած թեկնածուները որևէ խնդիր չունեն, ինչ ասում են, ասում են բաց, պարզ, առանց վախենալու»: