ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում կոչ են արել պայքարել կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ
Հանրային առողջապահության ներկայացուցիչները եւ ազգային կառավարությունները պետք է ոչ միայն աշխատեն զսպել կորոնավիրուսի տարածումը, այլեւ պայքարեն դրա վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ: Այդ մասին ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի մարտի 11-ին հրապարակված մամուլի տեղեկագրում հայտարարել է ապատեղեկատվության եւ քարոզչության վերաբերյալ հատուկ զեկուցող Օսկար Մինան (Սան Մարինո)։
Կորոնավիրուսի բռնկումը առաջին լուրջ ճգնաժամն է հանրային առողջապահության բնագավառում ժամանակակից սոցիալական ցանցերի դարաշրջանում, իսկ վիրուսի վերաբերյալ շինծու լուրերի արագ տարածումն արդեն մտահոգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ մի քանի կառավարությունների, որոնք այդ երեւույթն անվանել են «ինֆոդեմիա»:
«Դավադրության տեսությունները, կեղծված պատրաստուկներն ու դեղամիջոցները, կեղծ կանոններն ու պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ հայտարարությունները շրջանառում են Համացանցում եւ սոցիալական ցանցերի հարթակներում,-այդ կապակցությամբ նշել է Մինան:-Այդ ապատեղեկատվությունը խոչընդոտում է բուն բռնկման զսպման ջանքերին՝ տարածելով խուճապ, անօգնականություն եւ խտրականություն այն ժամանակաշրջանում, երբ երկրների միջեւ համերաշխությունն ու համագործակցությունն անհրաժեշտ են մարդկային կյանքեր փրկելու համար»:
Մինայի խոսքով՝ կառավարությունները, մեդիաընկերությունները եւ միջազգային կազմակերպությունները պետք է աշխատեն, որպեսզի երաշխավորվի ստույգ եւ հավաստի տեղեկատվության լայն տարածումը: «Վատ տեղեկատվության դեմ լավագույն միջոցը լավ տեղեկատվությունն է»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: