Կուլակաթափությա՞ն, թե՞ սեփականազրկման հանրաքվե
Նախօրեին ԱԺ-ում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է թույլատրել այն գույքի բռնագանձումը, որի ձեռքբերումը սեփականատերը չի հիմնավորում օրինական եկամտի աղբյուրներով: Նշենք, որ այս թեման տևական ժամանակ մասնագիտական տարբեր շրջանակներում բավականին սուր քննադատության առիթ էր, քանի որ այն ուղղակի հարված է հասցնում մարդու սեփականության իրավունքին։
Ի դեպ, մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ իշխանություններն այս նախագծերի մեջ բավականին «նրբորեն» փաթեթավորել և ներդրել են ևս մեկ ռիսկային նախագիծ, որը փաստացի փոխարինելու է բավականին լայն արձագանք ստացած ««Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերին, որոնք ընդունել էր ԱԺ-ն և ուղարկել ՀՀ նախագահին՝ ստորագրելու։ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել նշված օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել էր Սահմանադրական դատարան՝ դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Օրվա իշխանությունների հիմնական ու գլխավոր անկյունաքարային գաղափարները, որոնց վրա հիմնված է այս ամենը, երկուսն են՝ «մեր երկրում եղել է համատարած, համակարգված կոռուպցիա և թալան, և երկրորդ՝ «օրենքն անհրաժեշտ է, որպեսզի երկրում ապահովվի հանրային համերաշխություն»։ Իրականում պետք է փաստենք, որ այս պնդումները սնանկ են, լոզունգային, մանիպուլյատիվ, զրպարտչական և անհիմն, ավելին՝ հնարավոր չէ նաև ոչ մի կերպ դրանք հիմնավորել։ Այդպիսի տպավորությունն ու կարծիքը զուտ հանրային կարծիքի մանիպուլյացիայի արդյունք է, ուրիշ ոչինչ: Այդ է պատճառը, որ հեղինակներն ու կողմնակիցները հղում են անում մամուլում տարածված լուրերին: Փաստացի սա սեփականությունը խլելու օրենք է, կամ, եթե կուզեք՝ օրենք՝ զրպարտանքի հետքերով։
Խորամուխ չլինելով օրենքի և մասնագիտական մանրուքների մեջ, դիտարկենք մի քանի առանցքային դրույթ․ օրինակ, իշխանություններն ինչպե՞ս են հիմնավորելու դեռևս խորհրդային ժամանակներից (եթե չասենք` ցարի ժամանակներից) պապենական ոսկի, փող, թանկարժեք առարկաներ ունենալու, նաև` մինչև հայտարարագրման պահանջն օրենքով մտցնելու պահը (2000-ականների սկիզբ) ընկած ժամանակահատվածում ծնողների և հարազատների (պապ ու տատ, աներ, զոքանչ, քեռի, հորեղբայր, և այլք) կողմից այդ ամենն ունենալու հանգամանքը: Նաև այն փաստը, որ այդ ամենը հետո կարող են անցնել պոտենցիալ «մեղադրյալին»: Ասել է թե՝ խոսքն այստեղ չի վերաբերում այն պապենական ցնցոտիավորներին, որոնք պատահաբար պաշտոնյա են դարձել, նոր հետո ահռելի ունեցվածք ձեռք բերել, այլ նրանց, ովքեր միշտ էլ լավ են ապրել, միգուցե շատ ավելի լավ` մինչև պաշտոնյա դառնալը, իսկ հետո երբեմն հայտնվել են նաև վարկերի տակ, բայց դեռ «դիմադրում են»: Ինչ է ստացվում՝ Խորհրդային Միությունից մնացածն ապօրինի ձեռքբերո՞ւմ է:
Դիտարկենք մի ուրիշ տիպիկ իրավիճակ․ ենթադրենք՝ իքս մարդը վաղուց անտոկոս փոխառություն էր վերցրել մտերիմ մարդուց, բայց ոչ մի պայմանագիր չի կնքել, ինչպե՞ս են ապացուցելու այդ փաստը:
Արդյո՞ք կան հստակ սահմանված և միջազգայնորեն ընդունված օբյեկտիվ չափանիշեր ու նորմեր, ըստ որոնց՝ կարելի է հավատալ կամ չհավատալ նրան, ով կփորձի ապացուցել իր գույքի ձեռքբերման օրինականությունը: Վստահաբար կարող ենք ասել, որ հնարավոր չէ գտնել ևս մեկ այնպիսի երկիր, որն իր բոլոր հատկանիշներով, սոցիալ-քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական ու պատմական հետագծով նույնական կլինի Հայաստանի հետ, և այնտեղ ապրելիս կլինեն միայն հայեր: Երկրորդ` որքան էլ իրավագետներն ու «քաղհասարակության» ներկայացուցիչները խճողված ձևակերպումներով ու բանաձևումներով փորձեն այս գործընթացին այլ նկարագրություններ տալ, այն ըստ էության` եղել և մնում է՝ որպես ինչ-որ մարդկանց գույքը բռնի կերպով օտարելու (խլելու) փորձ, և ոչ ավելին: «Պետությանը վերադարձնել» հասկացությունը միֆ է, դրան գումարած՝ այդ խլման գործընթացից հետո պետությունը պետք է ահռելի ծախսեր անի դրանք պահպանելու և իրացնելու համար: Այստեղ կա նաև ամենակարևոր ու առանցքային դրվագը․ կա՞ երաշխիք, որ այսօր գույքը պետությանը հանձնողները (նվիրողները), սեփականազրկվողները կամ նրանց ժառանգները չեն սպասելու հարմար քաղաքական պահի, որպեսզի հետ ստանան, փաստորեն, ճնշման տակ, ըստ էության` բռնի, առանց դատարանի վճռի՝ իրենցից օտարված գույքը:
Այս նույն տրամաբանության մեջ է նաև այն, որ իրականում ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե ինչ հետևանքներ կունենա այս դեպքում սեփականության բռնի կերպով օտարումը: Այստեղ, ահա, աշխարհի շատ և շատ երկրների օրինակներն ավելի ուսանելի են․ վառ օրինակ Մերձբալթյան երկրներում կիրառվող «Ռեստիտուցիան»:
Վերոնշյալից հետո փաստենք գլխավորը․ հանրաքվեի ֆեյք օրակարգ լինելու, դրա հակասահմանադրական լինելու փաստի մասին խոսել են շատերը և գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ ահա նման օրենքների ընդունման վավերականությունը փաստելու համար է, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղել ՍԴ-ի 7 դատավորներից ազատվելու նման արագ գործընթացին։ Բոլորի համար պարզ է, որ ՍԴ-ն իր այս կազմով երբեք չի վավերացնի նման հակասահմանադրական օրենք, իսկ Նիկոլին դա պետք է, նա դրա կարիքը զգում է։
Արմեն Հովասափյան