«Ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար հստակ է դատավոր Դանիբեկյանի անկողմնակալ չլինելը». Արամ Վարդևանյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ,  մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Միջնորդությունը հրապարակելուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նախ տեղեկացրեց, որ դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում էր, մի շարք միջնորդություններ էին ներկայացրել: Դատարանի վարույթում  գտնվող ևս մի քանի միջնորդություն կա:  Հավելյալ նոր միջնորդությունը, որը պետք է ներկայացնեն առաջիկայում դատարանին,  վերաբերում է  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՀՀ 3 նախկին վարչապետների և ԱՀ մեկ նախկին վարչապետի անձնական երաշխավորությամբ փոխելուն:

Ներկայացվելիք միջնորդությունների թվին է պատկանում նաև Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժածների, զոհերի հարազատների՝ դատական նիստերին մասնակցության հարցը: Փաստաբանը պարզաբանեց նաև, որ սա կոչվում է դատավարության միջնորդությունների փուլ:

«Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմով տուժող կա՛մ պետք է լինի ՀՀ ամբողջ բնակչությունը, կա՛մ ՀՀ Սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, կա՛մ պետք է չլինի: Այս պարագայում մենք ունենք նորարարական մոտեցում՝ շնորհիվ հատուկ քննչական ծառայության և դատախազության ներկայացուցիչների, և այդ խնդիրը պետք է բարձրաձայնվի և քննարկման առարկա լինի դատական նիստի ընթացքում»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու  որոշմանը, փաստաբանն ասաց, որ  վերջին ինքնաբացարկի միջնորդությունն առնվազն այնպիսի հիմքեր և հիմնավորումներ ուներ, որ կարծես  ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար հստակ է «դատավոր Դանիբեկյանի անկողմնակալ չլինելը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031