ԵՊՀ ռեկտորի հարցում մոտ են որոշում կայացնելուն. իշխանությունն արդեն թեկնածու ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է: Վերջինիս հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Վահրամ Դումանյանը ՀԱԿ համակիր է, Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը, իսկ Սամվել Կարաբեկյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը:
ԿԳՄՍ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանին՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում աջակցել է հենց Սամվել Կարաբեկյանը: Բացի դրանից, Վահրամ Դումանյանը, Սամվել Կարաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը 2008թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժման ակտիվ մասնակիցներ են:
Հիմա բոլորը սպասում են ԵՊՀ ռեկտորի հարցում վերջնական որոշմանը, որը կայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մեր աղբյուրը նշում է, որ փաստացի Վահրամ Դումանյանը ԵՊՀ ռեկտոր կդառնա Փաշինյան-Տեր-Պետրոսյան մեծ գործարքի արդյունքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: