««Սև ցուցակի» հետ կապված բավականին լուրջ առաջընթաց կա». Շիրակ Թորոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցը ստացված էր և բարձր մակարդակի:

«Ողջունելի է, որ երկու պետությունների միջև պետական մակարդակով պարբերաբար բարձր մակարդակի հանդիումներ են անցկացվում, ինչը խոսում է երկու երկրների՝ միմյանց փոխադարձ կարևորելու մասին: Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվել են այն բոլոր հարցերի շրջանակները, որոնք այսօր կան հայ-վրացական հարաբերությունների տիրույթում՝ ինչպես անհրաժեշտ ռազմավականան հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այնպես էլ՝ առկա ներուժը ոչ ամբողջությամբ իրացնելու տեսանկյունից: Այն բոլոր խնդիրները, որոնք կան, բարձրաձայնվեցին երկու վարչապետների հետ հանդիպումներում: Մասնավորապես՝ տարանցիկ փոխադրումների անխափան աշխատանքի, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը, նաև հայ համայնքի ազգային ինքնության, հոգևոր-մշակութային դիմագիծը պահպանելու  խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Վրաստան կատարած այցին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում, վարչապետի պաշտոնական այցն ավարտվել է մարտի 4-ին:

Շիրակ Թորոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում որակական փոփոխություններ տեղի ունեցե՞լ են:

Ի պատասխան՝ նա նշեց, որ որակական փոփոխությունները նախ և առաջ պայմանավորված են բարձր մակարդակի հաճախակի հանդիպումների ակտիվությամբ, և որակական փոփոխություն կարելի է դիտարկել, ըստ էության, փոխադարձ վստահության բավականին մեծ պաշարը, որն այսօր առկա է երկու երկրների փոխհարաբերություններում:

«Խնդիրների բարձրաձայնումը փորձում է դուրս գալ կենացային մակարդակից, մասնավորապես՝ միմյանց վստահելու, դավադրությունների տեսությունից դուրս գալու և պրակտիկ երկկողմ փոխշահավետ դաշտ մտնելու առումով: Այսօր բավականին շահեկան վիճակում են գտնվում երկկողմ հարաբերությունները, և մնացած խնդիրներն այս միջավայրն է լուծելու: Մենք միշտ բարձրաձայնել ենք խնդիրներ, այսօր էլ ենք բարձրաձայնում, առկա է Վրաստանի հայ համայնքի խնդիրը կրթական, սահմանը հատելու, «սև ցուցակի», Հայաստանից Վրաստան գրքեր ու տպագիր մամուլ տանելու և այլնի հետ կապված:

Ի դեպ, «սև ցուցակի» հետ կապված բավականին լուրջ առաջընթաց կա, ցուցակը մասնակի վերացնելու և ամբողջովին վերացնելու հարցն է քննարկվում, դասագրքերի հետ կապված՝ երկու նախարարությունների համագործակցության, ուսուցիչների վերապատրաստման հարցն է դրված և այլն»,- հավելեց Շիրակ Թորոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս