«Բա 25 տարեկան երիտասարդին թույլ կտա՞ն մարդկային ճակատագիր որոշել». Գևորգ Պետրոսյան
«Բոլորս էլ գիտենք, որ Դատական օրենսգիրքը հանդիսանում է սահմանադրական օրենք, իսկ Հայաստանում սկիզբ է դրվել սահմանադրական փոփոխությունների, ուստի հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է նպատակահարմար սահմանադրական փոփոխություններից առաջ սահմանադրական օրենք փոփոխելը, և որքանո՞վ ենք համոզված, որ այն, ինչն այս նախագծով առաջարկվում է փոխել, դա տեղավորվելու է սահմանադրական փոփոխությունների մեջ։ Ինձ մոտ տպավորություն է՝ հերթականությունը խախտել ենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունների մասին նախագծին։
Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող դատավորների տարիքային շեմն իջեցնելու մասին դրույթին՝ 28-ից՝ 25, ապա Գ. Պետոսյանը նկատեց.
«25 տարեկան երիտասարդն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշել, իհարկե, նա կարող է շատ լավ գիտելիքներ ունենալ, բայց չէ՞ որ նա փորձ էլ պետք է ունենա։ Պատկերացնո՞ւմ եք՝ 25 տարեկան երիտասարդը, որն անգամ ընտանիք դեռ չի կազմել, պետք է քննի ծնողների ամուսնալուծության հարցն ու որոշի՝ երեխան ո՞ր ծնողի հետ ապրի։ Բա 25 տարեկան երիտասարդին թույլ կտա՞ն մարդկային ճակատագիր որոշել»,- ասաց Պետրոսյանը։
Պատգամավորը չհամաձայնեց իշխանական պատգամավորների այն պնդման հետ, թե՝ եթե անգամ օրենքով թույլատրվում է 25 տարեկան դատավոր ունենալ, ապա միևնույն է՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախապատվությունն այդ տարիքի դատավորներին չի տա։
«Եթե օրենքն այդ հնարավորությունը տալիս է, ԲԴԽ-ն այդ ի՞նչ հիմնավորմամբ չի օգտվելու այդ իրավունքից»,- ասաց Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում