«Տեղեկատվական դաշտում այս թատրոնը անտեղի է». Սեյրան Օհանյանը` որպես կասկածյալ ներգրավվելու մասին

Երեկ՝ մարտի 2-ին, հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Ռ.Քոչարյան և մյուսներ քրեական գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանն այսօր,  դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները ՀՔԾ-ում քննվող գործի մասին:

«Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի օտարմանը, որն իրականացվել է կառավարության կողմից: 2002 թվականին այն փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010 թվականին օտարվել է: Բնականաբար, ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Կառավարության որոշմամբ փոխանցվել է և կառավարության որոշմամբ օտարվել է, իսկ կառավարության որոշումներն անցնում են միջգերատեսչական համաձայնություն և գործադիրի կարևոր բոլոր մարմինների կողմից համաձայնեցում են ստանում: Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է Պաշտպանության նախարարությանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ օտարման հիմնական գործընթացն իրականացվել է էկոնոմիկայի նախարարությունում:

«Մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի աշխատանքի արդյունավետությունը, նրա վիճակը, նրա դերը ՀՀ էներգետիկ համակարգում և նրա զարգացման ընթացքը և օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը, և նրանք էլ իրականացրել են: Դեռ ավելին, նրանք են ընտրել գնորդ կողմին, նրանք են ընտրել գինը և հետագայում, վերջին փորձագիտական խմբի գնահատմամբ, գինը որոշվել է նրանց կողմից: Դեռ ավելին, ես կարող եմ ասել, որ այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 մլն դոլար, այսօրվա կուրսով կազմում է շուրջ 9.5 մլն դոլար»,-  պարզաբանեց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարին զարմացրել է ՀՔԾ հաղորդագրության մեջ այն  տեղեկությունը, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին: Սեյրան Օհանյանը պնդեց՝ ո՛չ ՀՔԾ-ում այս գործով ցուցմունք է տվել, ո՛չ էլ ստորագրություն՝ չհեռանալու մասին, ապա հավելեց, որ չի ընդունում այդ կասկածանքը:

«ՀՔԾ-ում քանի՞ անգամ ես կարող եմ ստորագրություն տալ: Չէ՞ որ այս մարտի 1-ի գործով էլ ստորագրություն ունեմ չհեռանալու մասին: Տեղեկատվական դաշտում այս ամբողջ տեսարանը, թատրոնը, կարծում եմ՝ անտեղի է, որովհետև ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, որովհետև նախաքննության գաղտնիության խնդիր կա, կասկածանքը դեռ պետք է ապացուցվի: Իրենք գիտե՞ն գնորդ կողմին, քանի՞ անգամ է վերավաճառվել, ի՞նչ գներ են տվել, փորձագիտական ի՞նչ խմբեր կան»,- ասաց Ս. Օհանյանը:

«Դե գիտեք ինչ, մինչև ապրիլի 5-ը ևս կարող է 10 հատ այսպիսի գործ գտնեն, բայց գործով պետք է ամեն ինչ ապացուցվի: Ես կարծում եմ, որ ինչ-որ ուղղորդում կա ՀՀ այսօրվա կամ նախկին բարձր պաշտոնյա անձանց նկատմամբ»,- խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս